ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում դուստրը ցավազրկող դեղերի հետ հիվանդ հորը նաև բենզին է ներարկել՝ դառնալով նրա մահվան պատճառ

ԻՐԱՎՈՒՆՔ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Կարինե Հ.-ի գործի դատական քննությունը:

48-ամյա Կարինեին մեղադրանք էր առաջադրված անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Կարինեի հայրն էր՝ Ռուբիկը:

Վերջինիս մահվան փաստի վերաբերյալ սկզբում նյութեր են նախապատրաստվել և քննիչի՝ 2015 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է:

Սակայն 1 ամիս անց՝ նոյեմբերի 13-ին նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցվել է վարույթ:

2016 թվականի օգոստոսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ դիտավորյալ սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Գործի քննության ընթացքում արարքի որակումը փոխվել է, 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Ռուբիկ Հ.-ի դստերը՝ Կարինեին մեղադրանք է առաջադրվել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  109 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Կարինեն Հ.-ն ունեցել է բժշկական միջնակարգ –մասնագիտական կրթություն, բայց աշխատել է խանութում՝ որպես մաքրուհի:

2015 թվականի սեպտեմբերին՝ գործով չպարզված օրը, Կարինեն հորը՝ տուժող Ռուբիկին ցավազրկող դեղամիջոցներ է ներարկել: Ներարկում կատարելու ժամանակ, ըստ մեղադրանքի, Կարինեն դրսևորել է անփութություն, ցավազրկող դեղամիջոցների հետ ներարկիչի մեջ հոր պահանջով լիցքավորել է վերջինիս կողմից նախկինում բնակարան բերված ապակե՝ առանց պիտակի, բաց վիճակում գտնվող սրվակում եղած սուր հոտով, տվյալ պահին անհայտ բաղադրություն ունեցող լուծույթ:

Ըստ մեղադրանքի՝ Կարինե Հ.-ն հնարավորություն ունենալով և պարտավոր լինելով գիտակցել իր արարքով հոր կյանքի և առողջության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, առանց ստուգելու և պարզելու սրվակի պարունակությունը, այն ներարկել է հոր աճուկային աջ հատվածում:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ ներարկված սուր հոտով հեղուկը եղել է բենզին, որի ազդեցության ֆոնի վրա առաջացած սուր կորոնար անբավարարությունից և սրտամկանի ռեցիդիվող ինֆարկտից Ռուբիկ Հ.-ն 2015 թվականի հոկտեմբերի 2-ին հիվանդանոցում մահացել է:

Կարինե Հ.-ն հորը անզգույշ սպանելու մեղադրանքը լիովին ընդունել է, իրեն մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Կարինե Հ.-ն բնութագրվում է դրական, նրա խնամքին է մնացել տարեց մայրը:  Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալը ոտնձգել է մարդու կյանքի դեմ, արարքը կատարել է հանցավոր անփութությամբ:

Կարինե Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 1 տարի իրական ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Կարինեին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular