ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էրդողանն ու թուրքական պատմության դասերը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Շվեյցարական լրատվամիջոցների փոխանցմամբ Լոզանի կենտրոնում քրդերը ցույց են անցկացրել նվիրված 1923 թվականի Լոզանի պայմանագրի 100-ամյակին, որտեղ ստորագրվել է այս փաստաթուղթը։ Այդ պայմանագիրը, ըստ քրդական հասարակական և քաղաքական կազմակերպությունների, «հաստատել է քուրդ ժողովրդի բաժանումը չորս պետությունների միջև՝ Թուրքիա, Իրաք, Իրան և Սիրիա, ինչն անհիմն է ժողովրդավարական տեսանկյունից»: Ըստ Ֆրանսիայի Քրդական Դեմոկրատական ​​խորհրդի խոսնակ Բերիվան Ֆիրաթի «քուրդ ժողովուրդը, ինչպես և աշխարհի բոլոր ժողովուրդները, ունի սեփական հողում իր ինքնությամբ ապրելու իրավունք»:

Բայց Լոզանի պայմանագրում խնդիրը միայն քրդերը չէին։ Պայմանագրին հաջորդեց Թուրքիայի և Հունաստանի միջև բնակչության հարկադիր փոխանակումը, քանի որ Արևելյան Անատոլիան միացվել էր ներկայիս Թուրքիային Սիրիայի ու Իրաքի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու դիմաց։ Հայերն ու քրդերը հեռու են պահվել, իսկ նրանց տարածքային նկրտումներն անկյուն են մղվել։

Եվ զարմանալի պարադոքս. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես կարծում է, որ «անհրաժեշտ է չեղարկել կամ փոխել Լոզանի պայմանագիրը»։  «Նրանք (Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի հակառակորդները) ստիպեցին մեզ 1920 թվականին ստորագրել Սևրի պայմանագիրը  և համոզեցին մեզ 1923 թվականին ստորագրել Լոզանի պայմանագիրը,- ասել է Էրդողանը,- ինչ որ մեկն այդ պայմանագիրը որպես հաղթանակ ներկայացնելով փորձել է մեզ խաբել։ Բայց բոլորն են հասկանում, որ շատ խնդիրներ առաջացան Լոզանում սեղանի շուրջ նստածների պատճառով։ Մենք այն ազգի ժառանգներն ենք, որոնց տարածքը հասել է 22 միլիոն քառակուսի կիլոմետրի։ Մինչև Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը մենք ունեինք երեք միլիոն, իսկ այսօր ունենք ընդամենը 780 հազար քառակուսի կիլոմետր: Հենց մեր քթի տակից հող են վերցրել ու հպարտանում են։ Այսքանից հետո նրանք հայտարարում են, որ մենք այդ պայմանագրից հաղթող ենք դուրս եկել։ Ինչպե՞ս կարելի է հող հանձնելը հաջողված համարել»։

Լավ, եկեք չեղարկենք Լոզանը, բայց այդ դեպքում բացահայտվում է 1920 թվականի օգոստոսի 10-ին Թուրքիայի ու Անտանտի երկրների և նրանց միացած պետությունների հետ կնքված Սևրի պայմանագիրը։ Այն պաշտոնականացրեց Օսմանյան կայսրության բաժանումը, որը կորցնում էր տարածքի ¾-ը։ Արևելյան Թրակիան Ադրիանուպոլսով, ամբողջ Գալիպոլի թերակղզին, Դարդանելի եվրոպական ափերը և Իզմիրը փոխանցվեցին Հունաստանին։ Թուրքիայի կառավարությունը կորցնում էր վերահսկողությունը Սիրիայի, Լիբանանի, Միջագետքի, Պաղեստինի տարածքների նկատմամբ։ Թուրքիան զրկվում էր Արաբական թերակղզում ունեցած իր ունեցվածքից։ Ամերիկայի նախագահ Վիլսոնի արբիտրաժային որոշմամբ ճանաչվում էր Հայաստանի անկախությունը և հաստատվում էին սահմանները։ Եվ հայտնվում էր Քրդստանը (նրա կարգավիճակը պետք է որոշվեր Ազգերի լիգայի խորհրդում)։ 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը դաշնակիցներին արբիտրաժային առաջարկ է ներկայացրել, ըստ որի Թուրքիան Հայաստանին պետք է հանձներ 103599 քառակուսի կիլոմետր տարածք՝ Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ողջ վիլայեթը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը, ներառյալ նավահանգիստը։ Բայց, ինչպես գիտնեք, Անկարայի Քեմալ Աթաթուրքի կառավարությունը կտրականապես մերժեց Սևրի պայմանագրի դրույթները, իսկ սուլթան Մեհմեթ 6-րդը չհամարձակվեց վավերացնել այն։ Ինչ վերաբերում է 1923 թվականի Լոզանի պայմանագրին, ապա այն վավերացրել են բոլոր այն ստորագրողները, բացառությամբ ԱՄՆ-ի:

Լոզանի պայմանագրերի որոշ մանրամասների մասին: Փաստն այն է, որ Լոզանի կոնֆերանսում քննարկվել է Հայկական հարցը, թեև Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը (Ա. Ահարոնյան, Ա. Խատիսյան) թույլ չեն տվել պաշտոնապես մասնակցել Լոզանի կոնֆերանսին, քանի որ այդ ժամանակ Հայաստանում հաստատվել էր խորհրդային իշխանություն։ Այնուամենայնիվ, գագաթնաժողովում հուշագիր է ներկայացվել հայկական հարցի հնարավոր լուծման երեք տարբերակով. կամ Վիլսոնի կողմից որոշված Հայաստանի տարածքում  «հայկական ազգային օջախի» ստեղծում, կամ Խորհրդային Հայաստանի ընդարձակում դրան միացնելով Արևմտյան Հայաստանի մի մասը դեպի Սև ծով ելքով, կամ Կիլիկիայում «հայկական ազգային օջախի» ստեղծում։ Թուրքական պատվիրակությունը՝ Իսմեթ փաշայի գլխավորությամբ, մեծ դժվարությամբ կարողացավ պայքարել այդ նախագծերի դեմ։ Արդյունքում Լոզանի հաշտության պայմանագրում հայերն ու Հայաստանը, ինչպես և քրդերը, ընդհանրապես չհիշատակվեցին։ Թուրքերի համար դա հաղթանակ էր։

Միաժամանակ, Էրդողանն ինչ-որ տեղ ճիշտ է, երբ հայտարարում է, որ «փորձում են խաբել Թուրքիային այդ համաձայնագիրը ներկայացնելով որպես հաղթանակ»։ 1920-ականների սկզբին Անկարայում Մոսկվայի բոլշևիկների դիվանագիտական ​​ներկայացուցիչների պահպանված նամակագրությունը վկայում է, որ Լոզանի կոնֆերանսի նախօրեին Մուստաֆա Քեմալը սկսել էր շեղվել դեպի Արևմուտք։ Հիմա չմանրամասնելով նշենք հետևյալը: Մոսկվան ակնկալում էր, որ 1921 թվականին Կարսի պայմանագրի ստորագրումից հետո, որը սահմանազատում էր Թուրքիայի և Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջև սահմանը, թուրքերը կպնդեն Լոզանի կոնֆերանսի աշխատանքներին խորհրդային պատվիրակության մասնակցությունը։ Այնուամենայնիվ, ինչպես Լոզանից հայտնել է արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը «քեմալականներն իրենց անձնական քաղաքականությունը շահարկում են մեր մեկուսացմամբ և  սեպարատ  բանակցություններ են վարում Անգլիայի և Ֆրանսիայի հետ»։ Նույն զեկույցում նշվում է, որ «Լոզանում ռուս-թուրքական միասնական դիվանագիտական ​​ճակատի բացակայությունը հանգեցրել է նրան, որ Մոսկվային թույլատրվել է մասնակցել միայն «Նեղուցների հանձնաժողովի» աշխատանքներին»։ Եվ սա այն դեպքում, երբ բոլշևիկները հանդես էին գալիս Օսմանյան կայսրության գրեթե ողջ սահմաններով Թուրքիայի  պահպանման օգտին, նույնիսկ խորհուրդ էին տալիս թուրքական պատվիրակությանը լքել Լոզանը։ Պատմությունը չի ընդունում եթե-ներ, բայց պարզ է, որ, եթե թուրքական պատվիրակությունը լքեր Լոզանը, իրադարձությունները՝ թե՛ Թուրքիայում, թե՛ Մերձավոր Արևելքում այլ սցենարներով կզարգանային։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular