ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՍՈւ–30»-ների ձեռքբերումը ճիշտ էր, դա ապագայի ձեռքբերում է. դրա համար բյուջեից ոչ մի լումա չի ծախսվել. Տոնոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պնդում է, որ ՍՈւ–30 կործանիչների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է, և այն ընդհանրապես բարձրացրեց զինված ուժերի մակարդակը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր՝ օգոստոսի 1-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում:

Հարցին, թե ինչու պատերազմի ժամանակ «ԶՈՒ»-երը մարտական թռիչքներ չկարողացան իրականացնել, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Եթե չեմ սխալվում, նոյեմբերի սկզբին ինձ զեկուցվեց, որ «ՍՈՒ 30»-երը անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների համալրում իրականացվել է: Բացի այդ, «ՍՈՒ 30»-երը բազմաֆունկցիոնալ միջոցներ են, ունեն և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ։ Գրոհային գործառույթների առումով մենք սպառազինվածության հետ կապված գոնե սկզբնական փուլի 1-2 օրվա մարտական գործողություններ վարելու առումով հագեցվածություն ունեինք, նաեւ այն հրթիռների, որոնք հիմա ժողովրդի մեջ կոչվում են անպիտակ կամ ժանգոտած: Այդ հրթիռներն օգտագործվել են «ՍՈՒ»-երի ուսումնական թռիչքների ժամանակ եւ խոցել են թիրախները»:

Ինչ վերաբերում է «ՍՈՒ 30»-ների ձեռքբերման հիմնավորվածությունը, նախկին նախարարն ասաց. «Իսկ բացի հանրության մեջ առաջացող հարցերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) այդ ի՞նչ միջոցներ պետք է ձեռք բերվեին, որ ՍՈւ–30-ների ձեռքբերումը հիմնավորված չէր։ Մենք հակառակորդի հետ համադրության մեջ կործանիչների բաղադրիչի առումով զրոյական վիճակ ունեինք։ Մեծ հեռավորությունների վրա այն հնարավորությունները, որ ունեն ՍՈւ–30-ները` հեռավորության վրա, ճշգրիտ հրթիռներով խոցելու հակառակորդին, նրա միջոցներն ու ենթակառուցվածքները, մենք այդպիսի կարողություններ ընդհանրապես զինված ուժերում չենք ունեցել»,– հայտարարեց Տոնոյանը։

Նա նշեց, որ այն, ինչ Ադրբեջանն այսօր անում է հիմա Թուրքիայի հետ` մոդեռնիզացնում է ՍՈւ 25–ները, 2020 թվականի օգոստոսի 24–ին իր տեղակալը Մոսկվայում ՍՈւ–երի արդիականացման պայմանագիր է կնքել ՌԴ–ի հետ, ինքն էլ անձամբ ներկա է եղել ստորագրմանը։

«Այդ մոդեռնիզացումը պետք է իրականացվեր 3 տարվա ընթացքում։ Ինձ շատ հետաքրքիր է` արդյոք գործընթացն ինչ փուլում է։ Մենք 3 տարվա ընթացքում պետք է ունենայինք որոշակի առաջխաղացում, հնարավոր է` ռազմական գործողությունները և նաև Ռուսաստանի կողմից վարվող հատուկ գործողությունը որոշակի խոչընդոտներ են առաջացրել»,–ասաց նա։

Անդրադառնալով պատգամավոր Հայկ Սարգսյանի դիտարկմանը, թե իրենք տեղեկություն ունեն, որ պատերազմի ընթացքում ընդամենը մեկ թռիչք է իրականացվել ՍՈւ–ով, այն էլ` հետախուզական, Տոնոյանը պատասխանեց` ՍՈւ–30–ները ձեռք են բերվել նաև ՀՀ սահմանները և հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար։

«Որպեսզի ձեռքբերումից հետո «ՍՈւ 30»–ները դառնային մարտունակ և հնարավորություն լիներ բացի զսպման գործառույթից, նաև գրոհային կարողությունները դրսևորել, ժամանակ էր պետք»,–ասաց Տոնոյանը։

Նա ափսոսանք հայտնեց, որ «ՍՈւ–30»–ները ավելի շուտ ձեռք չեն բերվել. «ՍՌՏ-ի ծրագրում դեռեւս 2015-ի նոյեմբերից «ՍՈՒ 30»-ների ձեռքբերումը նախատեսված է եղել: Բայց խնդիր է եղել բյուջեի հնարավորությունները: Պետբյուջեից ոչ մի լումա չի ծախսվել «ՍՈՒ 30»-ների ձեռքբերման համար, դրանք իրականացվել են օրենքով չարգելված այլ աղբյուրներից»,-ասաց Տոնոյանը:

Թե ինչ աղբյուրների մասին է խոսքը, Տոնոյանը խոստացավ հստակեցնել փակ ձևաչափով նիստի ժամանակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular