ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ ենք քննարկել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման ողջամիտ առաջարկները. Արցախի ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ԱԳՆ-ն, ընդունելով Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մեկնարկի շուրջ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, հանրային հետաքրքրության կարեւորությունը՝ միեւնույն ժամանակ նպատակահարմար չի համարում մեկնաբանություններ անել ոչ իր պատճառով չկայացած առանձին հանդիպումների վերաբերյալ։ Այս մասին նշել են Արցախի արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ հնարավոր հանդիպման վերաբերյալ հայկական տեղեկատվական դաշտում տարածվող լուրերի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցի:

«Կցանկանայինք հատուկ ընդգծել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները միշտ պատրաստ են քննարկելու Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ հանդիպումների կազմակերպման վերաբերյալ ողջամիտ առաջարկներ: Ավելին, արցախյան կողմն, իր հերթին, պարբերաբար հանդես է գալիս միջնորդների մասնակցությամբ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ հանդիպումների կազմակերպման նախաձեռնություններով եւ առաջարկներով»,- հավելել են Արցախի արտգործնախարարությունից:

Միեւնույն ժամանակ, գերատեսչությունից համոզմունք են հայտնել, որ երկխոսության հաջողությունը կախված է իրենց տարաձայնությունները կարգավորելու հարցում երկու կողմերի իրական շահագրգռվածությունից եւ բարեխիղճ մոտեցումից:

«Մեր կողմից նման շահագրգռվածությունն առկա է։ Եթե ադրբեջանական կողմը եւս այդպիսի պատրաստակամություն դրսեւորի, դա թույլ կտա ուղի հարթել երկխոսության մեկնարկի համար: Այս համատեքստում կրկին ընդգծում ենք, որ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձեւաչափով»,- նշել են Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունից՝ ավելացնելով, որ նման մոտեցումը թույլ կտա միջազգային հանրությանն առավել ակտիվ ներգրավվել բանակցային գործընթացում, ամրապնդել դրա լեգիտիմությունն ու կայունությունը, ինչպես նաեւ ապահովել կողմերի միջեւ հնարավոր պայմանավորվածությունների իրականացման հուսալի երաշխիքներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular