ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դպրոցի փոխտնօրենի կողմից խարդախություն կատարելու բազմաթիվ դեպքերի մասին հաղորդումների առթիվ քրվարույթ է նախաձեռնվել

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գավառի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրենի պաշտոնն զբաղեցնող անձի կողմից առերևույթ խարդախություններ կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«2023 թվականի հուլիսի 26-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ, ըստ ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների, Գավառի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրեն Ն.Ա.-ն, օգտագործելով իր հեղինակությունը, վկայակոչել է իր եղբոր քաղաքական գործիչ լինելու հանգամանքը՝ հավաստիացնելով, թե վերջինս, իբր, բանկ է հիմնադրել և ավանդ ներդնելու դեպքում խոստանում է ավանդի 30 տոկոսի չափով ամսական գումար վերադարձնել ավանդատուներին։ Այդ կերպ նշված անձը խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Գավառ համայնքի շուրջ 50 բնակիչներից ստացել է 3000-ից մինչև 400.000 ԱՄՆ դոլար գումարներ և չի վերադարձրել։ Ըստ այդ տվյալների՝ քաղաքացիների կողմից տրամադրված գումարների չափը կազմում է շուրջ 800.000 ԱՄՆ դոլար:

Թվով վեց քաղաքացիներ Ն․Ա․-ի կողմից վերոնշյալ մեխանիզմով իրենցից գումարներ ստանալու և չվերադարձնելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական  վարչությունում ներկայացրել են հանցագործության մասին հաղորդումներ։

Բացի այդ, տվյալներ են ստացվել Ն.Ա.-ի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու այլ դեպքերի մասին ևս:

Մասնավորապես, երկու քաղաքացի հաղորդումներ են տվել այն մասին, որ նույն անձը 2022 և 2023թթ. ընթացքում, վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր պատճառաբանություններով, խոշոր չափերի հասնող (մի դեպքում՝ 1 200 000 ՀՀ դրամ, մյուս դեպքում՝ 15 000 ԱՄՆ դոլար) գումարներ է պարտքով վերցրել իրենցից՝ մի քանի օր անց վերադարձնելու խոստումով, մինչդեռ ամիսներ անց այդ գումարները չեն ստացել։

Առկա տվյալների և հաղորդումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել են մի քանի քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ քրեական վարույթում:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները, տուժածների ամբողջական շրջանակը, վերջիններիս պատճառված վնասի չափը պարզելու, դպրոցի փոխտնօրենի պաշտոնն զբաղեցնող անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության տրվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular