ՀՀ տնտեսության ուսերին ծանրացած ռիսկերի բեռը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանում տնտեսական աճի բարձր տեմպը դեռևս պահպանվում է։ Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,4 տոկոս։ Սակայն վերլուծաբանների, տնտեսագետների կարծիքով, աճի այս դինամիկան չի կարող երկար տևել և նվազման միտում ունի։ Խնդիրն այն է, որ տնտեսական ակտիվությունն իր կառուցվածքով «առողջ» չէ և կախված է արտաքին գործոններից՝ չունենալով երկարաժամկետ հեռանկարային էֆեկտ։ Եվ այդ է պատճառը, որ կանխատեսումներ են արվում, թե տնտեսական աճի ոսկե շրջանն արդեն անցյալում է, իսկ ՀՀ տնտեսական աճի բաղադրության մեջ որոշակի խնդիրներ են տեսանելի։ Եթե տարվա սկզբից սկսած յուրաքանչյուր ամիս բարձր տնտեսական աճ էր գրանցվում, ապա արդեն հունիսին այն զգալիորեն դանդաղել է` կազմելով 6,8 %՝ նախորդ ամսվա 13,6 %-ի համեմատ:
Մի ամսվա մեջ աճի տեմպի կիսով չափ նվազումը վկայում է որոշ ճյուղերում առկա բարդությունների մասին։ Կտրուկ անկում է գրանցվել հատկապես արդյունաբերության ոլորտում, որի թողարկման ծավալը հունիսին կրճատվել է 7,4 %–ով: Արդյունաբերության կշռի նվազումը տնտեսության կառուցվածքում նշանակում է ՀՀ տնտեսական պոտենցիալի նվազում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս ոլորտը տևական ժամանակ Հայաստանի տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկն էր։ Արդյունաբերության փոխարեն տնտեսական ակտիվությունը պահպանվում և դեռևս նվազման դաշտ չի անցնում հիմնականում առևտրի և շինարարության ոլորտներում առկա դրական միտումների արդյունքում։ Իսկ այս իրավիճակը հիմնականում պայմանավորված է Ուկրաինայում ընթացող պատերազմի շարունակման պայմաններում Հայաստան ժամանող ռուսաստանցիների թվով ու զբոսաշրջային սեզոնի հետ կապված հոսքերով։ Օրինակ՝ հենց ռուս ռելոկանտների առկայությամբ է պայմանավորված անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի ավելացումը և գների բարձրացումը, որը նպաստում է նաև շինարարության ոլորտի աճին։
Այնուամենայնիվ, ռուսաստանցիների հոսքը դեպի Հայաստան անվերջ շարունակվել չի կարող, այդ իսկ պատճառով էլ կանխատեսվում է, որ շինարարության աճի բարձր տեմպը կշարունակվի մինչև տարեվերջ, որից հետո այն նվազման միտում կցուցաբերի։ ՀՀ տնտեսության կառուցվածքում լուրջ խնդիր է նաև արտադրության ցածր մակարդակի պահպանումը։ Եթե դիտարկում ենք խոշոր հարկատուների ցանկի հարյուրյակը, ապա միայն 17-ն են արտադրողներ։ Եվ հաշվի առնելով Հայաստանում նկատվող անոմալ տնտեսական երևույթները՝ նույնիսկ շատ ուրախալի է, որ դեռ այդքան ընկերություններ էլ մնացել են խոշոր հարկատուների ցանկում, որովհետև պետությունը գրեթե ոչինչ չի ձեռնարկում արտադրությանը զարկ տալու նպատակով։ Իսկ առանց արդյունաբերությանն ու արտադրությանն ուշադրություն դարձնելու հնարավոր չէ հեռանկարային աճ ունենալ։ Հայաստանը պետք է կոնկրետ արտադրանք թողարկելու և շուկայում մրցունակ լինելու խնդիր լուծի, բայց դրա փոխարեն իշխանությունները միայն իմիտացիաներով են զբաղված։
Օրինակ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեսանյութ է հրապարակում, թե ինչպես է «Սեպուհ-1» ընկերությունը Հայաստանում մեքենաներ հավաքում։ Ու այդպիսով կարող է տպավորություն առաջանալ, թե իբր Հայաստանում մեքենաների արտադրություն կա։ Սակայն դա ընդամենը ցուցադրականություն է, քանի որ մի քանի տասնյակ մեքենաների հավաքումով որևէ լուրջ հարց չի լուծվում, առավել ևս, որ գնային սեգմենտում այդ մեքենան մրցունակ լինել չի կարող՝ հաշվի առնելով այն արժեքը, որ հրապարակվել է պաշտոնապես։ Իսկ եթե Հայաստանն ի վիճակի չլինի լուծել արտադրությունը խթանելու հարցը, ապա կմեծանա տնտեսական կախվածությունը արտաքին աշխարհից. առանց այն էլ մեր տնտեսության կառուցվածքում ներկրման մասնաբաժինը շատ մեծ է։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել աշխարհաքաղաքական ռիսկերի գործոնները։ Նախ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակի փոփոխության պայմաններում Հայաստան ժամանած ռուսաստանցիների համար մեր երկիրը շատ արագ կարող է դառնալ ոչ գրավիչ։ Անհանգստացնող հանգամանք է նաև այն, որ սեփական արտադրանք թողարկելու ու խթանելու փոխարեն Հայաստանն իր վրա է վերցրել միայն վերաարտահանման դերակատարությունը։
Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պարագայում արևմտյան տարբեր սարքավորումներ, մեքենաներ և տեխնոլոգիական արտադրանքներ Հայաստանի ու մի շարք այլ երկրների միջոցով են հասնում ռուսաստանյան շուկա։ Ու այս իմաստով Հայաստանը հայտնվել է Արևմուտքի տեսադաշտում այն առումով, թե օգնում է Ռուսաստանին՝ շրջանցել պատժամիջոցները։ Արդեն մի շարք հայաստանյան ընկերություններ հայտնվել են պատժամիջոցների ցանկում, ինչն արդեն իսկ անհանգստացնող է։ Եթե Հայաստանի նկատմամբ վստահությունը նվազի, ապա այն կարող է ռիսկեր առաջ բերել նաև մեր տնտեսության մեջ ներդրումների ներգրավման մասով, քանի որ ներդրողները կարող են զգուշանալ կամ իրենց միջոցները դուրս հանել մեր երկրից։ Մյուս ռիսկն էլ կապված է նրա հետ, որ ՀՀ իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Իսկ անվտանգության երաշխիքների բացակայությունը և շարունակաբար անկայուն իրավիճակն ուղղակի վանում են ներդրողներին։
Պատահական չէ, որ Fitch Ratings վարկանիշային գործակալությունը Հայաստանի վերաբերյալ իր կանխատեսման մեջ հատուկ առանձնացրել էր աշխարհաքաղաքական ռիսկերի աճի գործոնը՝ նշելով, որ, ճիշտ է, Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվում են բանակցությունները, բայց դժվար թե դրանք հանգեցնեն կայուն խաղաղության համաձայնագրի՝ տարածքային ճշգրտումների բացակայության պայմաններում:
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում