Լավրովը Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է «թեժ» տարածաշրջանային թեմաները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕգոստոսի 7-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Իի միջեւ։
Ինչպես տեղեկացրել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, կողմերը բարձր են գնահատել ռուս-չինական հարաբերությունների զարգացումը, որոնք ցուցադրում են կայունություն եւ դրական դինամիկա ընդհանուր աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում։ Հատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ օրակարգին այն պայմանավորվածությունների կատարման մասով, որոնք ձեռք են բերվել բարձրագույն քաղաքական մակարդակով։
Նախարարները քննարկել են միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր։ Նշվել է, որ չեն ընդունվում արեւմտյան դաշինքի առճակատման քաղաքականությունը Ռուսաստանի եւ Չինաստանի հանդեպ, նրանց զարգացումը զսպելու փորձերը պատժամիջոցների եւ այլ ոչ լեգիտիմ մեթոդների միջոցով։ Դրական գնահատական է տրվել Մոսկվայի եւ Պեկինի կառուցողական երկխոսությանը եւ փոխգործակցության բարձր մակարդակին ՄԱԿ-ի, ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի, «Քսանի խմբի» եւ միջազգային այլ կառույցների շրջանակում։
Անդրադարձ է կատարվել մի շարք «թեժ» տարածաշրջանային թեմաների, ներառյալ ուկրաինական ճգնաժամը։
Ռուսաստանի եւ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների շփումը հերթական անգամ հաստատել է Մոսկվայի եւ Պեկինի մոտեցումների միասնությունը կամ համահունչ լինելը համաշխարհային գործերի հարցում։ Հաստատվել է արտաքին քաղաքական սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը։