Ահաբեկչությունը Սիրիայում թուրքական արտադրություն է. Ասադը Էրդողանի հետ հանդիպման պայման է նշել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի դիրքորոշումը Իսրայելի հետ բանակցությունների հարցում անփոփոխ է մնացել 1990 թվականի խաղաղ բանակցությունների սկզբից։ Եթե Իսրայելը հող վերադարձնելու ցանկություն չունի, ապա բանակցությունների վրա ժամանակ կորցնելու կարիք չկա։ Այս մասին Sky News Arabia-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։
Նա հավելել է, որ Իսրայելը թշնամի է, նա շարունակում է իր ագրեսիան, մինչդեռ Սիրիան խափանում է ահաբեկիչների ծրագրերը, որոնց աջակցում է Իսրայելը, հայտնում է SANA-ն։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը և Էրդողանի հետ իր հանդիպման հնարավորությանը, նախագահ Ալ-Ասադը կարծում է, որ առանց օրակարգի, այսինքն՝ առանց նախապատրաստության, արդյունք չի լինի. «Մենք ուզում ենք հասնել հստակ նպատակի, այն է՝ սիրիական տարածքներից նրա հեռացմանը, իսկ Էրդողանի նպատակը Սիրիայում թուրքական օկուպացիան օրինականացնելն է, ուստի հանդիպումը չի կարող կայանալ Էրդողանի պայմաններով»։
«Ճշմարտությունն այն է, որ Սիրիայում ահաբեկչությունը թուրքական արտադրություն է»,- շարունակել է նա։ «Ջաբհաթ Ան-Նուսրա»-ն և «Ահրար աշ-Շամ»-ը նույն երևույթի տարբեր անվանումներ են, դրանք բոլորը թուրքական արտադրության են և մինչև հիմա ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից:
Խոսելով Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների մասին՝ նախագահ Ալ-Ասադն ընդգծել է ճիշտ ընկերներ ընտրելու Սիրիայի կարողությունը։ Ինչ վերաբերում է հարևան Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա բնական է դրանք բարելավելու ձգտումը, և դա հնարավոր է ապագայում՝ Սիրիայի տարածքից նրա դուրս գալուց հետո։