ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել առաքելությունն ավարտող ԵՄ դեսպանին հարաբերությունների զարգացման համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպանին Եվրոպական միության ցուցաբերած աջակցության համար՝ ուղղված Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի անցկացմանը:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ մոտ ապագայում նախատեսվում է նման ձեւաչափով հաջորդ խորհրդաժողովի անցկացումը: Հանրապետության գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ ԵՄ անդամ պետությունների գործընկերները կմասնակցեն նաեւ այս նախաձեռնությանը:

ՀՀ գլխավոր դատախազը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է նաեւ «Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ քրեական գործերով դատական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի մշակման եւ վերջնական համաձայնեցման ուղղությամբ ընթացող բանակցություններին: Աննա Վարդապետյանը հույս է հայտնել, որ Եվրաջասթի հետ լիարժեք համագործակցելու հնարավորությունը կնպաստի անդրազգային բնույթի հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը:

Հանրապետության գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող Անդրեա Վիկտորինին Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում բացառիկ ներդրման, ակտիվ գործունեության ու սրտացավ մոտեցման համար եւ հույս հայտնել, որ դեսպանի աշխատանքային հարուստ փորձը նշանակալի ազդեցություն կունենա ԵՄ գրասենյակի հայաստանյան թիմի hետագա աշխատանքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular