ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը դիմել է ՄԱԿ անվտանգության խորհուրդ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտոնական Երևանը դիմել է ՄԱԿ անվտանգության խորհուրդ` Լեռնային Ղարաբաղի հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Հայաստանն ակնկալում է միջազգային կառույցի միջամտությունը։

Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության և զանգվածային ոճրագործությունների՝ ներառյալ պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին ուղարկած նամակում ընդգծել է կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ շեշտելով, որ հուլիսի 15-ից լիակատար շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։

Ավելի վաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկում էր տեղի ունեցել նվիրված սովի գլոբալ խնդիրներին։ Շվեյցարիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները հայամետ դիրքորոշմամբ էին հանդես եկել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղադրելով ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։

Հայաստանի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Վահե Գևորգյանն, ընդհակառակը, միայն հումանիտար հարցերն էր բարձրաձայնել և որևէ բառ չէր նշել Ադրբեջանի քաղաքական պատասխանատվության մասին։ Անատամ և վախվորած այդ ելույթը վկայում է, որ փաշինյանական իշխանությունն ինչ-որ հարցով կաշկանդված է, կամ էլ պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս միջազգային հանրությանը և Հայաստանին հղած ուղերձում կոչ էր արել դիմել ՄԱԿ անվտանգության խորհուրդ, ուստի և չի բացառվում, որ Հայաստանի գործող իշխանություններն այս անգամ պարզապես ստիպված են եղել դիմել:

ՄԱԿ անվտանգության խորհրդում Ադրբեջանը մշտական և ոչ մշտական անդամների կազմում մի շարք աջակիցներ ունի, որոնց օգնությամբ էլ պարբերաբար ձախողում է ցանկացած բանաձևի ընդունում։ Այս անգամ էլ Ադրբեջանը բավականին լուրջ է պատրաստվել։ Արդյոք Հայաստանի իշխանություններն իրական աշխատանք տարել են այդ անդամների հետ՝ ներկայացնելով իրերի իրական դրությունը, ցույց կտա ժամանակը։

Աննա Խուդինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular