Ծանոթ ու միաժամանակ անհայտ… թանաքաման
ՖՈՏՈՄինչև թղթի հայտնվելը հին մարդիկ գրելու համար օգտագործել են տարբեր նյութեր, որոնցով հնարավոր է եղել գրառում կատարել՝ պապիրուս, կավ, քար, արմավենու տերևներ, մետաքս, մագաղաթ և այլն: Գրելու համար օգտագործվել են տարբեր պարագաներ՝ փետուրներ, մետաղական գործիքներ, ոսկորներ, փայտե ձողիկներ և այլն: Իսկ ահա որպես ներկ երկար ժամանակ օգտագործվել են բույսերից, միջատներից, կարմիր կավից և, իհարկե, թանաքից ստացված գունավոր լուծույթները:
Յուրաքանչյուր նման հին մեթոդ իր դարաշրջանի մի տեսակ հուշարձան է և ունի կատարելագործման և օգտագործման իր եզակի պատմությունը: Ամենահին թանաքի բաղադրատոմսերը մինչ օրս չեն պահպանվել, բայց հայտնի է, որ եգիպտական դպիրները մագաղաթի վրա տեքստեր գրելու համար օգտագործել են յուղի և մրի խառնուրդ: Առաջին թանաքի ստեղծմամբ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել հատուկ անոթներ՝ թանաքամաններ, այն պահելու համար: Ամենահին թանաքամանը հնագետների կողմից հայտնաբերվել է հնագույն հռոմեական Հերկուլանիում քաղաքում, այն ծածկված է եղել մոխրի շերտով: Այդ հնության իրը կավե աման է, որի ներքևում մուգ նստվածք է եղել, որը հետազոտությունից հետո պարզվել է, որ չորացած թանաքն է:
Հին ժամանակներում թանաքամանները պատրաստվել են մետաղից, եղջյուրից կամ կաշվից, ինչպես նաև կավից: Թանաքամանը եղել է չինական կալիագրաֆների ավանդական «չորս կաբինետային գանձերից» մեկը: Մյուս երեք «գանձերը» վրձինը, թանաքը և թուղթն են:
Ավելի քան 1500 տարի առաջ Գուանգդոն նահանգի Դուանսի քաղաքում գտնվող Դուան գետի քարերից թանաքամաններ են պատրաստել: Նման թանաքամաններն այդպես էլ կոչվել են «դուան»: Ավելի ծանոթ հին ապակյա թանաքներն առաջին անգամ արտադրվել են բրիտանացիների կողմից: Դրանք ստեղծել են անգլիացի ապակեգործները 17-րդ դարում: Նրանք կարողացել են ստեղծել նաև այսպես կոչված անվտանգ թանաքամաններ: Նման թանաքամանի պարանոցն ունենում է կոնուսաձև հատուկ ձագար, որը թույլ չի տալիս թանաքի թափվելն անգամ թանաքամանը շրջելիս: Այդ ժամանակներում առօրյա կյանքում հայտնվեցել են նաև հատուկ ճանապարհորդական թանաքամաններ, որոնք ներկայացրել են իրենցից նեղ պարանոցներով փոքրիկ շշեր, որոնք հնարավոր է եղել պահել գրպանում:
Միջնադարում տարածված են եղել նաև կախովի թանաքամանները: Նրանց վրա եղել է երկու ականջիկ, որին ամրացվել է շղթա կամ լար, և որը հարմար է եղել կրել ուսին գցած: Կախված երկրից և դարաշրջանից, թանաքամանները տարբեր չափերի են եղել և տարբեր նյութերից են պատրաստվել՝ ճենապակյա, մետաղյա, քարե կամ պոլիմերներային: Հարուստ տների համար արհեստավորները ստեղծել են թանկարժեք մետաղական նմուշներ, որոնք առատորեն զարդարվել են թանկարժեք քարերով, ներկով և էմալով: Նման թանաքամանները հաճախ որպես նվերներ տրվել են պատվավոր անձանց՝ հատկապես պաշտոնյաներին: Ֆաբերժեի և դե Մալիի ստեղծած թանաքամանները ներկայումս համարվում են իսկական արվեստի գործեր և դարձել են արժեքավոր հնաոճ իրեր թանգարանների համար: Թանաքամանը դարեր շարունակ ծառայել է որպես գրելու հավաքածուի հիմնական մաս և ծառայել է մարդկանց մինչև չեն հայտնվել թանաքով լցված մխոցային ու գնդիկավոր գրիչները:
Կ. Խաչիկյան