ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռու մարզպետարանի աշխատակիցները հափշտակել են շուրջ 169 մլն դրամ. նախաքննությունն ավարտվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի և մի շարք աշխատակիցների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր՝ 169 մլն 343 հազար դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ պարզվել է, որ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետ Ա.Ղ.-ն, լիազորված լինելով կազմակերպելու, ծրագրելու, համակարգելու, ղեկավարելու և վերահսկելու գործակալության ընթացիկ գործունեությունը, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները խարդախության եղանակով հափշտակելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գործակալության, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության Ստեփանավան համայնքի և հարակից բնակավայրերի փոստային բաժանմունքների մի շարք աշխատակիցների հետ:

Համաձայնության շրջանակներում 2013 թվականի հունվարից մինչև 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, հիշյալ աշխատակիցների միջոցով, շուրջ 300 քաղաքացու ձևականորեն ընդգրկել են անապահովության գնահատման համակարգում՝ առանց վերջիններիս գիտության և պետական նպաստի տվյալ տեսակի համար պահանջվող փաստաթղթերի, դիմում-հայտարարագրի, որից հետո ընտանիքին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ համակարգում ներառել են նպաստի իրավունք տվող ոչ հավաստի, կեղծ տեղեկություններ:

Արդյունքում, կեղծ հիմքով հիշյալ քաղաքացիների անվամբ նշանակվել է նպաստ, որը յուրաքանչյուր ամիս առաքվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության համապատասխան փոստային բաժանմունքներ:

Այնուհետև, գործակալության վերոնշյալ աշխատակիցները, նպաստի գումարների հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով, «Հայփոստ» ՓԲ ընկերության նշված աշխատակիցներին հրահանգել են վերոհիշյալ ձևական նպաստառուների անվամբ ՀՀ պետական բյուջեից ստացված նպաստի գումարները փոխանցել իրենց:

Պայմանավորվածության համաձայն՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ տարածքները սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցները, անձամբ ստանալով ՀՀ պետական բյուջեից նպաստների վճարման համար ստացված գումարները, դրանք փոխանցել են Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության հիշյալ աշխատակիցներին, ովքեր ստացված գումարի 10 տոկոսը տվել են «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ աշխատակիցներին, իսկ մնացած մասը բաժանել իրենց և գործակալության պետի միջև: Արդյունքում, խաբեության եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 169.343.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետին և նույն գործակալության 4 նախկին աշխատակցի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործակալության պետի և աշխատակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, իսկ մյուս երեք աշխատակիցների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նշված 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular