ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտում գործում է բարեգործական ճաշարան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգող, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում երեկանից գործում է բարեգործական ճաշարան՝ շրջափակման հետևանքով ստեղծված սոցիալական իրավիճակը մեղմելու և բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելու նպատակով: Ճաշարանը գործելու է «Պարկ հոթել» հյուրանոցի տարածքում՝ օգտագործելով շրջափակման հետևանքով արդեն չգործող հյուրանոցի ճաշարանային ու խոհանոցային հնարավորությունները:

Ծրագիրը, որը նախաձեռնել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման` սոցիալական ոլորտով զբաղվող աշխատանքային խումբը, իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության միջոցով և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի օրհնությամբ ու ներգրավվածությամբ:

Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 16 տարեկան երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաև հղի կանայք ու 65 տարեկանից բարձր տարեցները: Հնարավորության դեպքում ծրագիրն ընդլայնվելու է. նախատեսվում է ևս մեկ նման կետ բացել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ:

Հաշվի առնելով այսօր Արցախում գրանցված սովամահության դեպքը՝ դժվար է թերագնահատել այս նախաձեռնության կարևորությունը պաշարված Արցախի և նրա բնակիչների համար։ Թեպետ այս դեպքում էլ կան մարդիկ, թե՛ Արցախում, և, թե՛ Հայաստանում, որոնք առիթը բաց չեն թողնում փնովելու, նույնիսկ հրաշալի սոցիալական նախաձեռնության մեջ դավադրություններ փնտրելու, կատարված քայլը վարկաբեկելու համար։

Արցախի նախկին պետնախարարը, սակայն, մտադիր չէ կանգ առնել։ Պաշարման պայմաններում Ռուբեն Վարդանյանը բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ է իրականացրել, շատերն էլ դեռ նախապատրաստական փուլում են։ Միայն այսպիսի ծրագրերով, արցախցիների՝ մեկը մյուսին թևութիկունք լինելով հնարավոր է մեղմել պաշարման բոլոր հետևանքները։

Աննա Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular