Ձախողում ՄԱԿ-ում. Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄԱԿ անվտանգության խորհուրդը նախօրեին տեղի ունեցած անհաջող քննարկումից հետո մինչ այս պահը ոչ բանաձև և ոչ էլ հայտարարություն չի ընդունել, ինչը հիացմունքի բուռն ալիք է բարձրացրել Ադրբեջանում։ Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը շնորհակալություն է հայտնել Ալբանիային, Բրազիլիային և Ռուսաստանին իրենց հայտնած ադրբեջանամետ դիրքորոշումների համար։
Հիշեցնենք, որ քննարկման ժամանակ առնվազն այդ երկրներն առաջ էին տարել ադրբեջանական թեզերը, թե՛ Աղդամ–Ստեփանակերտ ավտոճանապարհի օգտագործման մասին և, թե՛ մյուս հարցերում։ Եթե Ալբանիայի և Ռուսաստանի դեպքում պարզ է և հասկանալի, Ալիևը միայն այս տարվա ընթացքում երկու այց է ունեցել Ալբանիա, իսկ Ռուսաստանն էլ փորձում է թույլ չտալ հարցի կարգավորման տեղափոխումը միջազգային այլ հարթակներ և պահել սեփական ազդեցության գոտում, ապա Բրազիլիայի դեպքում բացարձակ անհասկանալի է, այդ երկրում հսկայական և բավական հարուստ հայկական սփյուռք կա, որի հետ աշխատելու դեպքում, հնարավոր էր լուրջ արդյունքներ գրանցել։
Իհարկե մեղավորը ոչ թե բրազիլիահայ համայնքն է, այլ Հայաստանի արտգործնախարարությունը, որն այդպես էլ չի կարողացել աշխատել, թե՛ Սփյուռքի ներկայացուցիչների և, թե՛ Բրազիլիայի իշխանությունների հետ՝ տեղ հասցնելով Հայաստանի համար կարևոր հարցերը։ Ինչևէ, ՄԱԿ անվտանգության խորհրդում ձախողումից հետո, Ադրբեջանը կրկնակի ավելացրել է հրադադարի խախտումները։ Երեկ կրակոցներ են եղել ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի տարածքում՝ Նախիջևանից, Երասխի ուղղությամբ։
Միևնույն ժամանակ Ադրբեջանը նաև միջազգային հանրությանը փորձում է համոզել, թե Հայաստանն է խախտում հրադադարը։ Ըստ էության, թշնամին պատրաստվում է կամ ռազմական մեծ էսկալացիայի, կամ լոկալ սրացումների իր՝ հերթական անգամ Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար, իսկ Հայաստանի գործող իշխանությունները «էշի ականջում քնած են»։
Նարինե Մանուկյան