ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանը դիտմամբ քաոս է ստեղծում․ Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հենց Արայիկ Հարությունյանն է դիտմամբ նման «քաոսային» վիճակ ստեղծում։ MediaHub-ի հարցին այսպես արձագանքեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերին, ապա նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը, թե Հարությունյանը ստախոս է։

Հակոբյանը հիշեցրեց, որ հունվարին էլ մի այդպիսի ներկայացում եղավ, երբ Հարությունյանի հրաժարականի մասին լուրեր եղան, ապա հայտնվեցին մարդիկ, որոնք «Երիտասարդության» պալատում «թատրոն սարքեցին», հետո կրքերը հանդարտվեցին։

«Հիմա նույն վիճակն է։ Ու սա լինում է այն ժամանակ, երբ հանրության մեջ կրքեր են շիկանում։ Հիմա ժողովուրդն այն վիճակում է, որ կարող է կանգնել ոտքի ու կառավարական շենքերը սրբելով գնա։ Եվ սա էլի միջոց է, որ Արայիկ Հարությունյանն օգտագործում է՝ այդ ամենի դեմն առնելու համար։ Մենք ճանաչում ենք Արայիկ Հարությունյանին ու գիտենք, որ նա իր աթոռը չի թողնելու»,- ասաց Հակոբյանը։

Հարցին, թե այս դեպքում Արցախի նախկին պետնախարա՞րն էլ է Հարությունյանի ջրաղացին ջուր լցնում, Հակոբյանը պատասխանեց, որ ոչ, նա պարզապես Հարությունյանին չի ճանաչում։

«Շատ քիչ են այն արցախցիները, որ Արայիկ Հարությունյանի ջրաղացին կուզեն ջուր լցնել։ Մենք ճանաչում ենք՝ ով է Հարությունյանը, 2007-ից գոնե գիտենք իրեն։ Մենք ունենք մի բան խոսող, այլ բան անող, մարդկանց հետևից բամբասող երկրի ղեկավար, նա խոստումներ է տալիս ու դրանք ընդհանրապես չի կատարում, միայն փնովում է։ Սա է պատճառը նաև, որ մենք 2020-ից պայքարում ենք, որ նման անձը չմնա երկրի ղեկին։ Մենք հիմա էլ ենք պնդում, որ պետք է փոխվի երկրի ղեկավարը, քանի որ Արայիկ Հարությունյանի հետ Արցախը կգնա կործանման»,- նկատեց Հակոբյանը։

Բայց միևնույն ժամանակ նա նշեց, որ հիմա Հարությունյանի «խոսափողները» շատացել են, ֆեյսբուքյան լայվերով և գրառումներով սկսել են դեմ արտահայտվել նրա հրաժարականին, որ կարծիք ստեղծվի, թե արցախցուն նա պետք է։

«Ու էս քաոսային վիճակը, էս պառակտումները, մարդկանց զգացմունքային դաշտ գցելը զուտ տեխնոլոգիա է, որ կիրառում է Հարությունյանը՝ իր պաշտոնի կյանքը երկարացնելու համար»,- նշեց Արցախի ԱԺ պատգամավորը։

Նա նկատեց՝ երբ եկան ուրբաթ, շաբաթ օրերը, մարդիկ էլի սկսեցին սպասել Հարությունյանի հրաժարականին, բայց իր «բարձրախոսները» սկսեցին ըմբոստանալ՝ կառավարելի դարձնելով հասարակությանը։

«Բայց այդ ընդվզումը լինելու է։ Հանրությունը հասկանում է՝ քաոսը չի վերանալու, քանի դեռ այս դերակատարներն են մեզ մոտ։ Ու հենց դա է անհանգստացնում Հարությունյանին»,- շեշտեց Հակոբյանը։

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular