ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՎՏՈՎԹԱՐ Արարատում. «06»-ի ու «Ֆոլքսվագենի» բախումից «06»-ի բոլոր 4 ուղևորները մահացել են

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Սարգիս Խաչատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ:

Դեպքի պահին Սարգիս Խաչատրյանը 55 տարեկան էր:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել հետևյալը:

2014 թվականի սեպտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 7-ն անց 30-ին Արտաշատ քաղաքի բնակիչ Սարգիս Խաչատրյանը իր հարևան Սուրմակ Ֆահրադյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ նրան վերցրել ու իր վարած «ՎԱԶ-2106» մեքենայով ուղևորվել է Արարատի մարզի Այգեզարդ գյուղ՝ գումարի դիմաց խաղող քաղելու:

Ճանապարհին Սարգիս Խաչատրյանը իր մեքենան է նստեցրել նաև նույն աշխատանքին գնացող երեք կանանց՝ Այգեպատ գյուղից՝ Նինա Աբրահամյանին, Այգեզարդ գյուղից՝ Անահիտ Աբրահամյանին՝ Նինայի եղբոր կնոջը, ու նրա հարևանուհուն՝ Մայրանուշ Ղամբարյանին:

Ըստ դատական ակտի՝ Սարգիս Խաչատրյանը մեքենան Այգեզարդ գյուղի երկրորդական ճանապարհով վարել է դեպի Ոստան-Նարեկ ճանապարհի մոտակայքում գտնվող խաղողի այգի:

Այգեզարդ գյուղի երկրորդական ճանապարհով Արարատի մարզի Ոստան-Նարեկ գլխավոր ճանապարհի ուղղությամբ ընթանալիս, նշված ճանապարհների խաչմերուկի սկզբնամասում Սարգիս Խաչատրյանը, դատական ակտի համաձայն, իրականացրել է ոչ պատշաճ ու վտանգավոր երթևեկություն՝ չկարգավորվող խաչմերուկում երկրորդական ճանապարհից գլխավոր ճանապարհ մուտք գործելու պարագայում ճանապարհը չզիջելով գլխավոր ճանապարհով երթևեկող, երթևեկության առավելություն ունեցող «Ֆոլքսվագեն Բորա» մեքենային, անտեսելով իր երթևեկության ուղղությամբ տեղադրված՝ «Զիջեք ճանապարհը» առավելության ճանապարհային նշանի պահանջը, ստեղծել է վթարային իրադրություն, թույլ է տվել երթևեկության կանոնների և օրենքի խախտումներ, ինքն իրեն զրկել է վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից: Նա իր վարած մեքենայով բախվել է գլխավոր ճանապարհով ընթացող «Ֆոլքսվագեն Բորա» մեքենայի աջ կողային հատվածին և անզգուշությամբ առաջացրել է իր մեքենայի բոլոր չորս ուղևորների մահը…

Սարգիս Խաչատրյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Սարգիս Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ հարևան Սուրմակը մեքենայի մեջ նստել էր իր կողքին, իսկ երեք կանայք՝ հետևի նստատեղին:

Ինքը, երթևեկելով Այգեզարդ գյուղի երկրորդական ճանապարհով և հասնելով Ոստան-Նարեկ ավտոճանապարհին, տեղյակ է եղել «Զիջիր ճանապարհը» նշանի առկայության մասին: Մեքենան կանգնեցրել է Ոստան-Նարեկ ավտոճանապարհի եզրին, նայել է աջ ու ձախ, համոզվել է, որ մեքենա չկա: Ապա 10կմ/ժ արագությամբ մուտք է գործել խաչմերուկ, փորձել է հատել գլխավոր ճանապարհն ու մտնել դաշտամիջյան ճանապարհ, բայց ինչ-որ մեքենա հանկարծ բախվել է իր մեքենային: Ինքը կորցրել է գիտակցությունը:

 
Ուշքի է եկել ու տեսել, որ արյան մեջ կորած՝ ընկած է Ոստան տանող ճանապարհի վրա: Հասկացել է, որ վթար է տեղի ունեցել:

Իր մեքենան կանգնած էր ջրատար առվի կողքին՝ դեպի Ոստան տանող ճանապարհին: Գլխի արյունը մաքրել ու տեսել է, որ մեքենայից 4-5 մետր հեռավորության վրա արյան մեջ կորած՝ ընկած է Նինան: Մոտեցել է Նինային, այդ պահին մոտեցել են Նինայի ամուսինն ու որդին: Նրանք Նինային դրել են մեքենա ու տարել են: Ինքը մոտեցել է իր մեքենային, նկատել է, որ հետևի նստատեղին կողք կողքի նստած են Անահիտն ու Մայրանուշը: Նրանք անշարժ են եղել, ինքը վախեցել է նրանց ձեռք տալ: Սուրմակը մեքենայում չէր: Ինքը մի փոքր առաջացել ու տեսել է, որ Սուրմակն ընկած է առվի մեջ: Գրկել է նրան, ներկաներին խնդրել է զանգել շտապօգնություն: Սուրմակին տեղափոխել են Արտաշատի հիվանդանոց: Հետո էլ իրեն են տեղափոխել հիվանդանոց: Դեպքից մի քանի օր անց ինքն իմացել է, որ իր մեքենայի բոլոր չորս ուղևորները մահացել են…

Սարգիս Խաչատրյանն ասել է, թե երթևեկության կանոնները խախտել է «Ֆոլքսվագենի» վարորդը, նա շատ արագ է ընթացել, բարձր արագությամբ մուտք է գործել խաչմերուկ ու հարվածել է իր մեքենային…

Տուժող Մայրանուշի իրավահաջորդը՝ նրա ամուսինը, ով վթարից հետո անմիջապես գնացել է դեպքի վայր, հայտնել է, որ ճանապարհի աջ հատվածում «ՎԱԶ-2106»-ն էր՝ ամբողջովին վնասված, իսկ առվի մեջ ընկած էր «Ֆոլքսվագենը»: Ինքը նկատել է, որ «06»-ի հետևի նստատեղին կին կա, մոտեցել, բացել է դուռը ու տեսել է, որ դա իր կինն է: Կնոջ աչքերը փակ էին, ինքը հասկացել է, որ կինը մահացել է: Նրան անմիջապես դրել է մեքենա ու տարել է դիահերձարան…

Տուժողի իրավահաջորդը Սարգսից բողոք, պահանջ չի ունեցել, բայց հայտնել է, որ իր կարծիքով՝ վթարի համար Սարգիսն է մեղավոր եղել՝ նա եղել է երկրորդական ճանապարհի վրա, պարտավոր էր զիջել: Բացի այդ, ըստ տուժողի իրավահաջորդի, ինչպես նաև «Ֆոլքսվագեն» մեքենայի վարորդ Նորայր Հակոբյանի ու դեպքի վայրում եղած այլ անձանց՝ ճանապարհի աջ հատվածի վրա 1-1,5 մետր բարձրություն ունեցող եղեգներ են եղել, որոնք փակում էին տեսադաշտը: Վթարից մեկ օր հետո եղեգները կտրել են:

Քննչական փորձարարության ժամանակ եղեգներն այլևս չեն եղել…

Ընդհանուր իրավասության դատարանը Սարգիս Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով, դատապարտել է 6 տարի ազատազրկման՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հոկտեմբերի 17-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին կամ նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել կամ մեղմացնել պատիժը:

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի բողոքը մերժեց՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

1in.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular