ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում իրավիճակը սրում է Արայիկ Հարությունյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և նրա կողմնակիցները փորձում են հանրությանը ցույց տալ և համոզել, թե իբր Արցախում իշխանափոխության ծրագիր է իրականացվում։ Երեկ էլ Արցախի Ազգային ժողովի ամենամեծ «Ազատ հայրենիք» ՔՄԴ խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանքներ հասցեագրելով։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, թե Արայիկ Հարությունյանը խաբել է իրեն և մի քանի այլ անձանց, նախորդ շաբաթ հանդիպման ընթացքում խոստանալով հրաժարական տալ, սակայն կրկին դրժել է իր խոստումը։ Դրանից հետո անցած չորեքշաբթի միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովում, երբ Հարությունյանի մի խումբ կողմնակիցներ պարզապես ներխուժել էին Ազգային ժողով և փորձել հաշիվներ պարզել նորընտիր ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ։ Մինչ Ռուբեն Վարդանյանը և Արցախի քաղաքական դաշտի մի խումբ ներկայացուցիչներ փորձում են իրավիճակը հանդարտ հունի մեջ բերել, ինչպես նաև պարտադրել իշխանություններին կատարել իրենց խոստումները, Արցախի Ազգային ժողովի իշխող խմբակցությունը վիրավորանքներով լեցուն մի հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանի հասցեին։ Ընդսմին, այն, որ Արայիկ Հարությունյանը նման խոստում տվել է, որևէ մեկը չի կարողանում հերքել, նույնիսկ իշխող ուժի ներկայացուցիչները չեն համարձակվում հերքել, ընդամենը հայտարարում են, թե այս պահին Արայիկ Հարությունյանը հրաժարական տալու որևէ մտադրություն չունի։

Փաստացի, ամենայն հավանականությամբ, հենց Արայիկ Հարությունյանն ինքն է նախաձեռնել իր հրաժարականի թեման, այդ մասին խոսել մի խումբ անձանց հետ զրույցում, իսկ դրանից հետո, երբ տեղեկությունները տարածվել են նրա նկատմամբ նոր ճնշումներ են հարուցվել, այս դեպքում հնարավոր միակ տարբերակով հենց Հայաստանի իշխանությունների կողմից։ Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես ձեռք չի տալիս, որ Հարությունյանը հրաժարական տա, իսկ նրա փոխարեն Արցախի նախագահի պաշտոնում այս անգամ նշանակվի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։ Փաշինյանի և ՀՅԴ-ի միջև առկա լարվածության մասին հայտնի է շատ վաղուց, ուստի և հենց Փաշինյանն է, ըստ ամենայնի, Արայիկ Հարությունյանին պարտադրել հրաժարական չտալ։

Գարիկ Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular