Բելգիայի ԱԳ նախարարն Արցախյան հիմնախնդրին նվիրված գիրք է նվեր ստացել
ՄՇԱԿՈՒՅԹՀայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը Արցախյան հիմնախնդրի մասին պատմող գիրք է նվիրել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարանը։
«Պաշտոնական այցով Հայաստանում ժամանած Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյան ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Բելգիայից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի ավարտին տիկին Հաջա Լահբիբը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը տիկին Հաջա Լահբիբին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր և “International Journal of Armenian Genocide Studies” 2022 թ. երկրորդ համարը, որն ամբողջությամբ նվիրված է Արցախի հիմնախնդրին»,- ասված է հաղորդագրության մեջ: