Լավրովը մեկնաբանել է Պրիգոժինի զոհվելու մասին տեղեկությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել կենտրոնանալ փաստերի վրա, այլ ոչ թե արևմտյան ԶԼՄ-ների հայտարարությունների վրա՝ կապված «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի վթարի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ հետևել, թե ինչ են գրել, ասել, ցույց տվել այս թեմայով, և ինձ համար շատ դժվար է այստեղից որևէ մեկնաբանություն տալ։ Անմիջապես հետաքննություն է սկսվել, գործ է հարուցվել, քննիչներն աշխատում են»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն էր հայտնել ավիավթարի հետևանքով բոլոր զոհվածների ընտանիքներին և ասել, որ դրա հետաքննությունը կիրականացվի ամբողջ ծավալով և ավարտին կհասցվի։
Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող Embraer բիզնես ինքնաթիռը չորեքշաբթի երեկոյան վթարի է ենթարկվել Տվերի մարզում։ Նախնական տվյալներով, ինքնաթիռում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են։ Ուղևորների ցուցակում, ինչպես հաղորդել է «Ռոսավիացիան», եղել է գործարար Եվգենի Պրիգոժինը։