ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեւոն Երանոսյանի եղբայրը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, մարտի 12-ին երեկոյան տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Էջմիածնի հիվանդանոցից, հավելելով, որ Երանոսյանն իրենց մոտ է տեղափոխվել ժամը 17:00-ից հետո, նրան զննել է վիրաբույժն ու որոշում է կայացվել նրան տեղափոխել Երեւան:

«Լեռնիկ Երանոսյանը համակարգչային հետազոտության կարիք ուներ, մարմնական վնասվածք ունի, նրան տեղափոխեցինք Երեւան»,- ասացին Էջմիածնի հիվանդանոցից:

Նշենք, որ Երանոսյանն ամենայն հավանականությամբ հիվանդանոց է տեղափոխվել Ջրառատում տեղի ունեցած միջադեպից հետո:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին երեկոյան ՕՐՕ դաշինքը հայտարարություն էր տարածել. «Այսօր կեսօրին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում առավոտյան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած հաջող քարոզարշավից եւ գյուղացիների ջերմ ընդունելությունից, թերեւս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է) կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին:

Ուշագրավն այն է, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին»,- նշել էին դաշինքից:

Ավելի ուշ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ, գործին կտրվի համապատասխան ընթացք:

«Լրատվամիջոցներին, ինչպես եւ քաղաքական ուժերին մեկ անգամ եւս կոչ ենք անում չճշտված ու կանխակալ տեղեկություններ տարածելով՝ թյուրիմացության մեջ չգցել հասարակությանը: Գործի ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի»:

Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular