ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ սեփական անձը կարևորվում է երկրից ու պետականությունից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ու Ադրբեջանի դիմակայությունն ընդգրկում է նաև տեղեկատվական ոլորտը, որը կարող է արտաքին լսարանի վրա մեծ ներազդեցություն ունենալ։ 2016 թվականի Ապրիլ յան պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները խոստովանեցին, որ տեղեկատվական դաշտում իրենք պարտություն են կրել։ Բայց իրավիճակն այլ է 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո։ Ադրբեջանն ահռելի ֆինանսական ռեսուրսներ է ներդնում միջազգային լսարանի կարծիքի վրա ազդելու համար, ու պետք է նկատել, որ հաճախ հաջողացնում է հասնել իր համար ցանկալի արդյունքի։ Բաքուն կաշառում է տարբեր գործիչների, քաղաքագետների ու լրագրողների, որոնք պետք է հանրային կարծիքի վրա ազդեցություն ունենալու խնդիր լուծեն։ Օրինակ՝ արտերկրյա որոշ կաշառված բլոգերներ ու իրենց քաղաքագետ անվանող մարդիկ կան, որոնք դարձել են ադրբեջանական լրատվամիջոցների սիրելիները։

Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը։ Եվ նույնիսկ ժամանակ առ ժամանակ տարբեր կոռուպցիոն սկանդալներ են պայթում այս կամ այն եվրոպացի պաշտոնյային կամ գործչին կաշառելու հետ կապված։ Այն գաղտնի սխեման, որը կիրառում է Ադրբեջանը, ստացել է «ադրբեջանական լվացքատուն» անվանումը։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Բաքուն փորձում է խաղարկել այն փաստը, որ Եվրոպան ադրբեջանական նավթի ու գազի կարիքը շատ է զգում։ Դրա համար էլ մարդու իրավունքների պաշտպանության «ջատագով» եվրոպացի պաշտոնյաները հանցագործ ու բռնապետ Ալիևին անվանում են «վստահելի գործընկեր»։ Մյուս կողմից էլ՝ Բաքուն իր օրակարգն առաջ մղելու համար կիրառում է համաթուրքական միավորումների ընձեռած հնարավորությունները։

Օրինակ՝ Թուրքական պետությունների կազմակերպության հարթակն օգտագործվում է հակահայկական քարոզչության համար։ Այս հարցում Ադրբեջանն ապավինում է Թուրքիայի սատարմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը չունի նավթադոլարներ, որոնք կարող է ուղղել քարոզչական նպատակներով, բայց դրա փոխարեն մենք մի շարք առանցքային երկրներում ունենք մեծաթիվ հայկական սփյուռք, որն էական դերակատարություն կարող է ունենալ այդ երկրների հանրային կարծիքի վրա ազդելու և ճշմարտությունը ներկայացնելու համար։ Սփյուռքի ներուժը ճիշտ գնահատելու դեպքում կարելի է շատ լուրջ հաջողությունների հասնել։ Նույնիսկ Թուրքիայում և Ադրբեջանում են հայկական սփյուռքի գործունեությունը իրենց համար գնահատում լուրջ խոչընդոտ։ Բայց իրադարձությունները վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունները շահագրգռված չեն, որ սփյուռքի ունեցած ներուժը կոնկրետ ներդրվի ադրբեջանական ու թուրքական քարոզչությանը հակազդելու և տարբեր երկրներում պրոհայկական մթնոլորտ ձևավորելու գործում։

ՀՀ իշխանությունների կողմից սփյուռքի հետ տարվող աշխատանքները կարող են պարփակվել ընդամենն այնպիսի նախաձեռնությունների շրջանակներում, ինչպիսիք ի պաշտպանություն Հայաստանի ու Արցախի ճանապարհներ փակելն է։ Սփյուռքի ազգային վերելքը ձեռնտու չէ մեր իշխանություններին, քանի որ այն կարող է խանգարել Փաշինյանի երազած «խաղաղության օրակարգի» կյանքի կոչմանը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի օգտին են հանդես գալիս անկախ դիրքերից հանդես եկող արտասահմանցի գործիչներ, փորձագետներ ու դիվանագետներ, որոնք իրենց ձայնն են բարձրացնում հօգուտ Հայաստանի շահերի պաշտպանության։ Սակայն այս մարդկանցից շատերի հետ էլ մեր իշխանությունները պրոբլեմներ ունեն։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ ճշմարտությունն են բարձրաձայնում՝ միաժամանակ քննադատելով Փաշինյանի իշխանության վարած անհեռատես քաղաքականությունը։ Բայց այդ կետից սկսած նման գործիչները ՀՀ իշխանության համար դառնում են անցանկալի, թեպետ Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելուն ուղղված նրանց ջանքերը մեծապես կարող են օգտակար լինել հայկական կողմի համար։

Օրինակ՝ ՀՀ իշխանություններն այդպես արգելեցին Կոնստանտին Զատուլինի, իսկ վերջերս էլ՝ Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստանի տարածք։ Այնինչ Հայաստանի շահերը պաշտպանելու համար նրանք առաջին հերթին հայտնվել էին Ադրբեջանի սև ցուցակում ու ճանաչվել որպես անցանկալի։ Այս հարցում ՀՀ իշխանություններն անողոք են ոչ միայն արտասահմանցի, այլև հայկական ծագում ունեցող այն ազդեցիկ մարդկանց նկատմամբ, ովքեր առաջ են տանում հայկական շահերը և միաժամանակ քննադատում են Փաշինյանին։ Այդ հայերի մուտքը Հայաստան ևս արգելվել է։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանը փաստացի ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իր անձը կամ իր շահերն իր իսկ համար ավելի բարձր են, քան պետական շահերը։ Արդյունքում, ակներև է դառնում, որ նա հակառակորդի օրակարգն է սպասարկում, և արգելելով հայանպաստ գործիչների մուտքը Հայաստան՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկություններն է կյանքի կոչում։ Դե, ոչ միայն այս հարցում:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular