Արայիկ Հարությունյանին փոխարինո՞ղ են գտել․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման դեռեւս փակված չէ։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ, այդ մասին անձամբ էր հայտնել քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներին՝ նախկին նախագահներին եւ խորհրդարանական ուժերի ղեկավարներին։ Ասել էր, որ վերջնական որոշում է կայացրել, քանի որ հոգնել է ստեղծված վիճակից եւ իր հասցեին հնչող մեղադրանքներից։ Սակայն մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ Հարությունյանը փոշմանել է, որոշ շրջանակներ, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նրան մեղադրեցին խոստումը չկատարելու համար: Հանդիպման որոշ մասնակիցներ հորդորել էին, որ չգնա այդ քայլին, ինչը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ Արցախի համար։
Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել, որ Հարությունյանը հրաժարական ներկայացնի։ Չնայած ՀՀ իշխանական վերնախավում կարծիք կա, որ Արայիկ Հարությունյանը պիտի հեռանա, քանի որ չի կարողանում իրագործել Փաշինյանի՝ Աղդամով առեւտուր անելու պայմանավորվածությունը, սակայն ՀՀ վարչապետը, ծանրութեթեւ անելով, հորդորել է հրաժարականը մի քանի շաբաթով հետաձգել, քանի որ այն կարող է մեծապես հարվածել Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ իշխանության ռեյտինգին։ Փաշինյանը, թերեւս, մտավախություն ունի, որ Արայիկ Հարությունյանին հրաժարական պարտադրելով՝ ջրի երես դուրս կգան ՔՊ-ի եւ հատկապես իշխող ուժի թեկնածու Տիգրան Ավինյանի վերաբերյալ որոշ անցանկալի դրվագներ։ Հիշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի շրջանում Ավինյանն Արցախում էր, եւ նրա ներկայությունը հանրության մոտ տպավորվեց Օգանովսկու ոճի մեջ՝ սպիտակ կոշիկներով Ստեփանակերտի փողոցներում շրջելու փաստով։
Եթե առաջիկայում Արցախում չկարողանան կյանքի կոչել Փաշինյան-Ալիեւ գաղտնի պայմանավորվածությունները, ապա Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը, ըստ ամենայնի, կրկին օրակարգ կբարձրանա։ Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, արդեն իսկ ՀՀ իշխանությունները կողմնորոշվել են Արցախի նոր նախագահացուի հարցում` շրջանառվում է նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանի անունը, ով, իհարկե, Սամվել Բաբայան չէ եւ Արցախի ստվար զանգվածների մոտ բացասական էմոցիաներ չի առաջացնում, սակայն Արցախի սորոսական թեւից է եւ ամբողջությամբ կառավարելի է ՀՀ իշխանությունների կողմից։ Իսկ Սամվել Բաբայանին մեկ այլ պաշտոն կհասնի, օրինակ` իր փափագած պետնախարարի պաշտոնը։
Արայիկ Հարությունյանի մոտալուտ հեռացման մասին այլ տեղեկություններ էլ են շրջում։ Մի քանի օր է՝ Արցախից լուրեր են հասնում, որ Արայիկ Հարությունյանն ազատվում է իր եւ հարազատների ունեցած բիզնեսներից։ Մասնավորապես, վերջին օրերին մասսայաբար մորթվում են Հարությունյանի եղբորը պատկանող ցեղական տեսակի հոլանդական կաթնատու կովերը, որոնց, որպես մսացու, որպես կանոն, չեն օգտագործում։
Ինչեւէ, Արցախում ակնհայտորեն ներքաղաքական խմորումներ են ընթանում, մի քանի օր առաջ Սամվել Բաբայանը որոշ շրջանակների էր մեղադրում աթոռակռվի համար, մեղադրանքի հասցեատերերը, նրա բնորոշմամբ, հայտնի ութնյակն է, նրանք, որոնք հանդիպել էին Արայիկ Հարությունյանի հետ եւ քննարկել իր մոտալուտ հրաժարականի թեման։ Հիշեցնենք, որ այդ 8-ի մեջ են Արցախի նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանը եւ ընդդիմադիր ուժերի ղեկավարները:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում