ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մամա՛, տղեդ լեյտենանտ է, չմտածես, լավ է լինելու». լեյտենանտ Արսեն Նիկողոսյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արսենը շատ բարի էր, ազնիվ, կատակասեր: Շատ անհոգ մանկություն է ունեցել, բոլորիս կողմից սիրված էր: Տան փոքրն էր, իրեն մի քիչ երես ենք տվել, երկու ավագ եղբայրների համեմատ տարիքային տարբերությունը մեծ էր: Արսենը մեր տան ուրախությունն էր: Շատ աշխույժ էր, չարաճճի»,«Փաստի» հետ զրույցում ասում է Արսենի մայրիկը՝ տիկին Նարինեն: Արսենն առաջինից երրորդ դասարաններում դպրոց է հաճախել Երևանում:

«Բոլորն իրեն սիրում էին, շատ լավ էր սովորում: Հետո այնպես ստացվեց, որ տեղափոխվեցինք Կոտայքի մարզի Հացավան գյուղ, արդեն 4-րդ դասարանից սկսած հաճախեց Հացավանի դպրոցը: Քանի որ այնտեղ աշակերտների թվաքանակը քիչ էր, Արսենն ավելի շատ էր առանձնանում: Ռուսերենից էր շատ լավ, անգամ զարմանում էին, որ գյուղի դպրոցում այդքան լավ ռուսերեն գիտի: Ժամանակի ընթացքում Արսենին սկսեցին գրավել համակարգիչները: Նա էր հիմնականում դպրոցում համակարգչով աշխատում: Ինչ միջոցառում լիներ, Արսենը պիտի օգներ ամեն հարցում»: Որևէ բուհ ընդունվել կամ էլ մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվել Արսենը չհասցրեց: Նման կարևոր որոշումները կյանքի էին կոչվելու ծառայությունից վերադառնալուց հետո: Բայց, կարծես թե, նրա տարերքը համակարգիչներն էին, հասցրել էր ինքնուրույն սովորել և արդեն վարժ տիրապետում էր համակարգչային տարբեր ծրագրերի: Անտարբեր չէր նաև հեռախոսների և տարբեր սարքավորումների հանդեպ, «անգամ կետ էր բացել ու աշխատում էր, հեռախոսներ նորոգում»: Մայրիկի խոսքով, մեծ հավանականությամբ, կընդունվեր ինֆորմատիկայի բաժին, ծրագրավորում կսովորեր: Արսենը պարտադիր զինծառայության էր զորակոչվել 2019 թ. հունվարի 12-ին: Ծառայում էր Մատաղիսում:

«2015 թ.-ին մեկնեցինք Ռուսաստան, մեծ տղաս Մոսկվայում էր ապրում, ընտանիքով այնտեղ տեղափոխվեցինք: Արսենն այդ ժամանակ ավարտեց իններորդ դասարանը: Մտածում էինք, որ էլ չենք վերադառնա, Արսենն էլ չի մեկնի պարտադիր ծառայության: Բայց Արսենը մեզ չլսեց՝ «չէ, ես վերադառնում եմ հայրենիք, երկու տարի կծառայեմ, հետո մնացած բոլոր հարցերս կլուծեմ»: Ոչ մեկիս չլսեց ու վերադարձավ Հայաստան»: Տիկին Նարինեն ասում է՝ ծառայության ընթացքից որևէ դժգոհություն չի ունեցել որդին: «Երդմնակալության արարողության ժամանակ գնացինք իր մոտ: Դժգոհություններ չուներ, բացի դա էլ, իրեն շատ էին սիրում: Բոլորի հետ լեզու էր գտնում, ինչպես ժողովուրդն է ասում՝ մերվող էր, իրեն սիրել էր տալիս»: Երեք ամիս էր մնացել Արսենի զորացրվելուն, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Այդ օրերին տիկին Նարինեն Ռուսաստանում էր:

«Արսենը զանգում էր պատերազմական օրերին, մեկ-երկու բառ զրուցում էինք: Այդ ծանր օրերին այնպես էր խոսում մեզ հետ, որ թվում էր, թե ոչինչ տեղի չի ունենում՝ «ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք, մենք բունկերներում ենք, պատերազմից հեռու ենք»: Բայց իրենք առաջնագծում են եղել, առաջին հարվածներից մեկն իրենք են ընդունել: Շատ էր կիսվում եղբորս հետ, ամեն ինչ նրան էր պատմում, թե ինչեր է արել, ինչ վնասներ է պատճառել թշնամուն»: Մայրիկն ասում է՝ ոչինչ չի պատմել այն մասին, թե ինչ է կատարվում մարտի դաշտում: Տղաներն անգամ իրենց խոսքում զուսպ ու չափավոր են եղել, որ ցավ չպատճառեն իրենց ընտանիքներին, բայց հիմա՝ ամիսներ անց, պատմությունները փաստում են, որ շատերը երկրի վրա դժոխային օրեր են ունեցել: Մատաղիս-Թալիշ հատվածում է մարտնչել Արսենը, զոհվել հայտնի 530 բարձունքի համար մղվող թեժ մարտերում: «Հոկտեմբերի 4-ին իրենք թեժ մարտերի մեջ էին եղել Մատաղիսում, Արսենը, որ շարքային էր, հենց մարտի դաշտում լեյտենանտի կոչում էր ստացել: Իր կատարած սխրագործությունները չեն վրիպում հրամանատարության աչքից, Ջալալ Հարությունյանն է նրան լեյտենանտի կոչում շնորհել: Զանգահարեց ինձ, շատ ուրախ էր՝ մամա՛, տղեդ լեյտենանտ է, չմտածես, լավ է լինելու: Հոկտեմբերի 13-ին հարձակում է տեղի ունեցել, պայթյուններ: Արսենը հենց այդ օրն է զոհվել: Մենք չէինք հավատում նրա զոհվելու մասին լուրերին»:

Արսենի ընկերներից մեկի հայրը պատերազմի օրերին մարտի դաշտում է եղել, տեսել պայթյուններն ու մահերը: «Հետո բավականին դժվարությամբ, այն էլ՝ սոցցանցերի միջոցով, եղբորս էին գտել, հետո եղբորս աղջկան էին գրել, որ ուզում են մեզ հետ կապվել, քանի որ այդ ժամանակ դեռ Հայաստանում չէի: Եղբորս ասել էին, որ Արսենը զոհվել է, բայց նա չէր հավատացել: Արսենից լուր չկար, նրա զոհվելը հաստատող որևէ փաստ չկար, ուղղակի տեղեկություններ կային, որ նման բան է տեղի ունեցել»: Հոկտեմբերի 13-ին զոհված Արսենին ընտանիքը «գտնում է» դեկտեմբերի 26-ին: «Իր ընկերոջ հայրիկն է իրեն գտել, երկուսով են զոհվել նույն տեղում: Ընկերոջ հայրիկն իր որդուն էր փնտրում, բայց իմ տղային էր գտել: Չէինք հավատում, չնայած մարմինն ամբողջական էր, ուղղակի վնասվածքներ ուներ: ԴՆԹ անալիզ հանձնեցինք, այն հաստատեց, որ Արսենն է: 2021 թ. փետրվարի 6-ին Արսենին հուղարկավորեցինք»: Մայրիկն ասում է՝ երևի թե Արսենից հետո այլևս ոչինչ ուժ չի տալիս կյանքը շարունակելու, ուղղակի ապրում է իր երկու տղաների համար: «Ծնողի համար սա անիմաստ կյանք է, ուղղակի ապրում ենք մեր մյուս երեխաների համար, ապրում ենք նրանցով, ապրում ենք, որովհետև ուրիշ ճար չունենք: Արսենից հետո թոռնուհիս ծնվեց, Արսինե անվանակոչեցինք:

Ամեն ինչով շատ նման է Արսենին: Իսկ Արսենից հետո ես մնացի Հայաստանում: Միջնեկ որդուս հետ այստեղ ենք»: Զրույցն ավարտելուց հետո տիկին Նարինեն ուղարկում է մի ձայնագրություն, ասում. «Արսենը շատ լավ էր երգում, իր զոհվելուց հետո գտանք այս ձայնագրությունը, որը նախքան բանակ զորակոչվելն է արվել»: Միացնում եմ ձայնագրությունը, Արսենն է երգում՝ «Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ, զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ»: Երգի բառերի պես՝ Արսենն իր կյանքով մեզ պատվով ապրելու պարտականություն թողեց: Ու այլևս չկան բառեր, որոնք կնկարագրեն այս ցավը, որն անուն չունի...

Հ. Գ. - Արսեն Նիկողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիություն», 6-րդ պաշտպանական շրջանի «Անձնուրաց պաշտպան», «Տիգրան Մեծ» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular