ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենակ ենք մնացել». Շիրազի մարմինը շուրջ 1 տարի է՝ միջդիրքային գոտում է, նրա ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր վիճակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի սեպտեմբերյան մարտերում զոհված 33-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը, շուտով կլրանա մեկ տարին, որ մնացել է Կուտականի դիրքերում:

NEWS.am-ին Շիրազի կինը՝ Մարիամը, պատմում է, որ որեւէ պատկան մարմին իրենց հետ կապ չի հաստատում, ինքն է պարբերաբար գնում զորամաս՝ ամուսնու մարմինը միջդիրքային գոտուց հանելու մասին մի լուր իմանալու համար, բայց ապարդյուն:

«Ոչ մեկ մեզ հետ կապ չի հաստատում, ոչ մեկ չի այցելում, ոչ մի հարցով ինձ տեղեկություն չեն փոխանցում: Ամունսուս գտնվելու վայրը տեղորոշված է, բայց թուրքը չի թողնում մտնեն: Ինձ ասում են՝ սպասի, կբերենք: Ոչ մի նորություն չկա, ասում են՝ թուրքը չի տալիս, որ վերցնենք մարմինը, հաճախ գնում եմ զորամաս, բայց անօգուտ: Ոչ մեկ իմ տան դուռը չի բացել, մենակ ենք մնացել, պետությունն ընտանիքիս կողքին չէ, այն ընտանիքի, որի հայրը զոհվել է հանուն պետության»,- ասում է Շիրազի կինը:

Շիրազ Խաչատրյանի զոհվելուց հետո ընտանիքի սոցիալական դրությունը վատացել է, կինը 2 անչափահաս երեխաների հետ մնացել է անօգնական վիճակում.

«Ես միայնակ եմ, չգիտեմ՝ արդեն որտեղ դիմել: Երբ դիմում եմ պետական մարմիններին, ասում են՝ զբաղվում ենք, ու մի անգամ չեն այցելել, հասկանան՝ էդ զինվորը գնացել բոլորիս համար զոհվել է, իր ընտանիքն ի՞նչ պայմաններում է ապրում: Ինձ ասում են՝ ամուսնուդ կորած ճանաչի, որ գումարներ ստանաս, ես էլ չեմ ուզում կորած ճանաչել, որովհետեւ գիտեմ, որ ամուսնուս մարմինը միջդիրքային հատվածում է: Ես հույս ունեմ, որ վաղը կամ մյուս օրը կբերեն մարմինը: Ես հասկանում եմ, որ արդեն մեկ տարին կլարանա դեպքից, բայց գոնե ոսկորները բերեն, ԴՆԹ անենք, հասկանամ՝ իմ ամուսի՞նն է, թե՞ ոչ: Գոնե իմանամ, որ չեն հանելու դին, հուշարձան կամ մի բան կառուցենք, հեսա 1 տարին կլրանա, ու ես չգիտեմ՝ որտե՞ղ ամուսնուս հիշատակը հարգեմ»,- ասում է Մարիամը:

Հիշեցնենք, որ Շիրազ Խաչատրյանը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ընթացքում, մարմինը մնացել է միջդիրքային գոտում, մինչեւ այսօր ադրբեջանական կողմը չի թույլատրում մոտենալ դիրքին։ Հարազատները տեսանկարահանող սարքերով գտել են Շիրազի մարմինը, պարբերաբար հետեւում են, թե ինչպես է իրենց որդու մարմինը ոսկրանում։ Համածառայակիցները Խաչատրյանների ընտանիքին պատմել են, որ 12 զինծառայողից միայն Շիրազն է զոհվել, մյուսները կարողացել են լքել մարտի դաշտը։

Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող՝ Շիրազ Խաչատրյանը, Վահե Թորոսյանը եւ Թոռնիկ Սարգսյանը։ Վահե Թորոսյանի մարմինը ադրբեջանցիները փոխանցել են այս տարվա փետրվարի 2-ին։

Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետեւանքով զոհերի եւ անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

Հոկտեմբերի 4–ին Ադրբեջանը վերադարձրել է 17 հայ ռազմագերի։ Նոյեմբերի 29–ի դրությամբ, Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 156 մարմին։ Դեկտեմբերի 19–ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular