ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ են քննարկել անհետ կորածների ծնողները Պապիկյանի հետ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է 44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողներին: Նշենք, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողներն օգոստոսի 31-ին բողոքի ակցիա են իրականացրել պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների զորամասի» զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մյուս 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդն անհետ կորած են։

Սեպտեմբերի 1-ի հանդիպումից հետո թե՛ անհետ կորածների ծնողները եւ թե՛ ՊՆ-ն լռում են: Ի վերջո` ի՞նչ է խոսել Պապիկյանն անհետ կորածների ծնողների հետ։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հենց ծնողներից: Ծնողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, պատմում է, որ Սուրեն Պապիկյանը, ըստ էության, որեւէ նոր բան չի ասել իրենց: Այդ հանդիպման նորությունն այն է եղել, որ ծնողները Պապիկյանից տեսագրություններ են պահանջել, որով պարզ կդառնա, թե տղաները որ ուղղությամբ են գնացել եւ ինչպես են անհետացել։

«Սպուտնիկով զապիսներ, տեսագրություններ ենք պահանջել: Հասկանանք՝ երեխաներն ինչ են արել, ավտո են նստել, ինչ են արել, գուցե ավտո ա պայթել, գուցե՝ այլ բան: Աշխարհում կան երկրներ, որոնք կարողանում են ուղիղ վիդեո տարբերակով նայել, թե որտեղ ինչ է կատարվում, եւ դա արխիվացվում է: Դրան էլ գումարած` ասեցինք, որ ծառայության հետ կապված շատ դժգոհ ենք, որ հարուստի երեխեքը, չգիտես խի, միշտ քոռ ու թոփալ են: Պապիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կաշխատի այնպես անել, որ այդ տեսագրությունները ձեռք բերվեն»,- նշեց մեր զրուցակիցը:
Մենք զրուցեցինք նաեւ անհետ կորածի ազգական Արսեն Ղուկասյանի հետ, ով մշտապես ներկա է անհետ կորածների ծնողների ակցիաներին: Ղուկասյանն ասաց, որ իշխանությունների անգործության արդյունքում ոչինչ չի արվում՝ անհետ կորածներին գտնելու ուղղությամբ:

Նրա խոսքով` սայլն այնքան ժամանակ տեղից չի շարժվի, քանի դեռ այս իշխանությունները երկրի կառավարման դերը կստանձնեն. «Ոչ մի տեղաշարժ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ այս մարդիկ նստած են իշխանության ղեկին: Իրենք էնքան սխալներ ունեն արած, որ մաքսիմալ փորձում են իրենց արածները պարտակել, որպեսզի շատ բան ջրի երես դուրս չգա, եւ մարդիկ չիմանան, թե իրականում ով ինչ է արել, եւ թե ինչու մինչ օրս չեն հրապարակում զոհերի իրական թվերը, չեն ասում, թե քանի անհետ կորած ունենք: Արդեն երրորդ տարին է լրանում, բայց անհետ կորածների մասով ոչ մի պաշտոնական թիվ չեն հրապարակում: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, նաեւ շատ լավ գիտեն իրենց բացթողումների մասին, սակայն լռում են, որովհետեւ այդ մասին խոսելն իշխանություններին ձեռնտու չէ: Այս ընթացքում ավելի քան 6 արտաշիրիմում է եղել` քննիչի տվյալներով, սակայն ես գիտեմ, որ 6-ից շատ են նման դեպքերը: Այսինքն` սխալ մարդկանց են հուղարկավորել, հետո պարզվել է` սխալ մարդու են թաղել, քանդել են գերեզմանը, դիակները փոխանակել: Մենք կարող ենք կասկածել, որ նման դեպքեր շատ են եղել: Անհետ կորածներից շատերը կարող են տուն վերադառնալ եւ տեսնել, որ գերեզման ունեն: Դա ԴՆԹ անողների փայլուն գիտելիքների արդյունքն է»,- եզրափակեց Արսեն Ղուկասյանը:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular