ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են փոքրացնում մանևրելու դաշտը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայում ականատես ենք լինում աշխարհաքաղաքական տեկտոնիկ սալերի բախմանը, որի մի կողմում Ռուսաստանն է, իսկ մյուսում՝ Արևմուտքը։ Իսկ այն երկրները, որոնք հայտնվում են այդ բախման կիզակետում, էապես տուժում են։ Ուկրաինան, հայտնվելով Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ճեղքման գլխավոր գոտում, դարձել է ռազմական գործողությունների թատերաբեմ ու անխնա ավերվում է։ Եվ դեռ հարց է, թե ինչքան կտևի պատերազմն ու ավերումը։ Իսկ, օրինակ՝ Վրաստանը, որը 2008 թվականին ռուս-վրացական պատերազմի արդյունքում նույնպիսի վիճակում էր հայտնվել, ամեն կերպ փորձում է խուսափել նման սցենարից ու հավասարակշռել Արևմուտքի ու Ռուսաստանի նժարները։ Թվում էր, թե Հայաստանը չի կարող հայտնվել այդպիսի իրավիճակում, բայց դա միայն առաջին հայացքից է, քանի որ Հարավային Կովկասը կարող է Արևմուտքի համար դառնալ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հենահարթակ։

Պատահական չէ, որ արևմտյան սցենարի մեջ է մտնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ ըստ երևույթին հայկական շահերի հաշվին, որից հետո՝ ՀայաստանԱդրբեջան - Վրաստան միավորման (ըստ Արևմուտքի պատկերացման՝ միասնական) ստեղծումը, որը կհակադրվի Ռուսաստանին։ Եվ փոխանակ ՀՀ իշխանությունները քայլեր ձեռնարկեն մեր երկրում Արևմուտք-Ռուսաստան առճակատման գոտում հայտնվելուց խուսափելու համար, շտապում են իրենց նետել այդ դաշտ։ Մի կողմից՝ Փաշինյանի մակարդակով Ռուսաստանի՝ տարածաշրջանից դուրս գալու մասին հայտարարություններ են արվում, մյուս կողմից էլ՝ ոչ պաշտոնական մակարդակով ՆԱՏՕ-ից արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի կազմ մտնելու ու ռազմական աջակցությանն ապավինելու կոչեր են հնչում։ Հայաստանը նախատեսում է նաև Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկել, այն դեպքում, երբ Արցախում հումանիտար իրավիճակը ծայրահեղ է ու այդ հարցը լուծել չի կարողանում։ Իսկ այս ամենին զուգահեռ Հայաստանում բորբոքվում են հակառուսական տրամադրությունները։

Հանրային պատկերացումներում ներդրվում է այն մտայնությունը, թե ստեղծված իրավիճակի մեղավորը Ռուսաստանն է, որը չի օգնել Հայաստանին։ Իհարկե, չենք արդարացնում Ռուսաստանին, քանի որ կարող էր էապես աջակցել իր ռազմավարական դաշնակցին թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու համար, բայց արտաքին մեղավորներ ու պատասխանատուներ միշտ էլ կարելի է գտնել, իսկ գլխավոր հարցն այն պետք է լինի, թե մենք ինչը այնպես չենք արել, որ պիտի անեինք։ Իրականում Արևմուտքին սիրաշահելու և այլ նպատակներով միտումնավոր կերպով Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը միայն խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար։ Դրա հետ մեկտեղ՝ Հայաստանը չպետք է վատացնի իր հարաբերությունները նաև Արևմուտքի հետ։ Ճիշտ է՝ ռազմական առումով Արևմուտքը Հարավային Կովկասում չունի այնպիսի ներկայություն, ինչպիսին ունի Ռուսաստանը, բայց տնտեսական և տեխնոլոգիական առումով ԱՄՆ-ը և արևմտյան մյուս երկրները շատ մեծ ազդեցություն ունեն գրեթե բոլոր տարածաշրջաններում։

Եթե Ռուսաստանը ահռելի տարածք, բնական ռեսուրսներ ու մեծ բնակչություն ունեցող երկիր է, հազիվ է դիմանում պատժամիջոցներին ու լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում ռուբլու փլուզումը կանխելու համար, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա փոքր Հայաստանի հետ, երբ այն հայտնվի արևմտյան պատժամիջոցների տակ։ Այսինքն՝ Հայաստանի շահերից չի բխում նաև կոնկրետ հակաարևմտյան քայլերի ձեռնարկումը, ինչի փորձ Փաշինյանի իշխանությունը ևս ունի։ Օրինակ՝ երբ Ռուսաստանի հետ պայմանավորվելու արդյունքում ՀՀ իշխանությունները հումանիտար առաքելություն ուղարկեցին Սիրիա, որին էլ հետևեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կոշտ արձագանքը։ Հայաստանը տարիներ շարունակ փորձել է փոխլրացման քաղաքականություն վարել և գտնել այն կետերը, որտեղ գերտերությունների շահերը համընկնում են կամ առնվազն չեն բախվում։ Դրա արդյունքում հաջողվել է հավասարակշռություն ապահովել, իսկ Փաշինյանը ոչ միայն խախտել է այդ բալանսը, այլև մի դեպքում Ռուսաստան է թեքվում, մի այլ դեպքում՝ դեպի Արևմուտք, ինչի արդյունքում փոքրանում է մանևրի դաշտը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular