Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանն ազատվել են արգելանքից, կա 4 մեղադրյալ. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձինք ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին:
Նախաքննությամբ իրականացված քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ Վերիշեն բնակավայրի բնակիչ, 32-ամյա Մ.Պ.-ի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստեր առ այն, որ նա ապօրինի կերպով փոխադրել, պահել և, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի իրացրել է հրազեն և ռազմամթերք, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկությամբ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ Մ.Պ.-ն, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ձեռք է բերել հրազեն հանդիսացող «AK» տեսակի 2 ինքնաձիգ, ինչպես նաև՝ մարտական փամփուշտներ և նռնակ, որոնք ապօրինի փոխադրել և պահել է իր բնակության վայրի հարակից այգում: 2022թ. ընթացքում ինքնաձիգներից մեկը ապօրինի կերպով փոխադրել և պահել է իր՝ Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի տան հարակից այգում, իսկ մյուս ինքնաձիգը մտադրվել է ապօրինի կերպով իրացնել:
Ինքնաձիգների և փամփուշտների առկայության և դրանց իրացման մտադրության մասին տեղեկացրել է իր քենակալ, նույն բնակավայրի բնակիչ Ա.Մ.-ին՝ նրան առաջարկելով վաճառել դրանցից մեկը և հրազենն իրացնելու հարցի շուրջ նրա հետ նախնական համաձայնություն ձեռք բերել:
Վերջինս իր հերթին ձեռնամուխ է եղել ինքնաձիգի վաճառքին և Երևան քաղաքի բնակիչ Մ.Ն.-ից տեղեկանալով ինքնաձիգ գնելու ցանկության մասին՝ այդ մասին տեղեկացրել է Մ.Պ.-ին:
Դրանից հետո վերջինս, նախնական համաձայնության գալով մոր հետ, նրան հանձնարարել է Ա.Մ.-ին փոխանցել հրազենն ու ռազմամթերքի պահանջվող քանակը:
Մ.Պ.-ի մայրը, պոլիէթիլենային պարկի մեջ տեղավորելով «AK» տեսակի վերոնշյալ ինքնաձիգը, ինչպես նաև` 190 փամփուշտ, 6 պահունակ՝ լիցքավորված ևս 180 փամփուշտներով՝ ընդհանուր 370 փամփուշտ, նռնակ, 2023թ. օգոստոսի 19-ից օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով փոխադրել և պահել է տան տարածքում, ապա՝ փոխանցել Ա.Մ.-ին:
2023թ. սեպտեմբերի 6-ին վերջինս նշված ինքնաձիգն ու փամփուշտներն ապօրինի կերպով փոխադրել է Գորիս քաղաքում գործող հյուրանոցի մոտ, որտեղ ապօրինի կերպով վաճառել է Երևան քաղաքի վերոհիշյալ բնակչին, ով դրանք տեղավորել է Ա.Գևորգյանին պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, որից անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից:
Քննչական գործողությունների կատարման ժամանակ, Ա.Գևորգյանին պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ, Մ.Ն.-ն մատնացույց է արել հիշյալ մեքենայի բեռնախցիկում եղած փաթեթը և հայտարարել, որ այդ փաթեթը բեռնախցիկում դրել է Ա.Մ.-ն, ումից ինքը խնդրել է ձեռք բերել ինքնաձիգ:
Ներկայացված փաթեթում եղել է մասնատված մեկ հատ ինքնաձիգ, 2 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 30-ական փամփուշտով, 190 հատ փամփուշտ, «Ջ1» տեսակի նռնակ` իր պայթուցիչով, «M 75» տեսակի նռնակ և դանակ:
Ձերբակալվածներ Ա.Մ.-ն և Մ.Ն.-ն, մատնացույց անելով Գորիս քաղաքում գտնվող հյուրանոցի դիմային հատվածը, հայտարարել են, որ 2023թ. սեպտեմբերի 6-ին զենքը նշված հատվածում, առանց Ա.Գևորգյանին տեղեկացնելու փաթեթի պարունակության մասին, իրենք են դրել վերջինիս պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի մեջ:
Քննությամբ նաև պարզվել է, որ ավելի վաղ ձերբակալված Մ.Բ.-ն և Ն.Ք.-ն Ա.Գևորգյանի հետ գտնվել են նույն ավտոմեքենայում:
Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել նաև ձերբակալվածների բնակության վայրերում, որի ընթացքում Ա.Մ.-ի տանը հայտնաբերվել է 484 հատ 5.45 մմ տրամաչափի, 290 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, ինքնաձիգի 4 պահունակ, «Ֆ-1», «Ջ-1» տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, սվին դանակներ, գազային ատրճանակ, օպտիկական սարք, կողմնացույց, դանակներ, սաղավարտ, զրահաբաճկոն, զինվորական համազգեստ, իսկ Մ.Ն.-ի՝ Երևան քաղաքի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ, պայթուցիկ սարքի նմանվող առարկաներ, 3 փաթեթ փամփուշտներ:
Խուզարկություններով ռազմամթերք հայտնաբերելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել են նոր քրեական վարույթներ, որոնք միացվել են ավելի վաղ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված վերոհիշյալ քրեական վարույթին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, և նրանցից երկուսին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, մեկին` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ մյուսին` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:
Ձերբակալված Ա.Գ.-ն, Մ.Բ.-ն և Ն.Ք.-ն, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվել են արգելանքից:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը և նպատակները պարզելու ուղղությամբ: