ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կոշտ նոտա է փոխանցել Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ռուսական վերջին շրջանում սրացող լարվածությունը հասել է նրան, որ երեկ Ռուսստանի ԱԳՆ են հրավիրել Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին և նրա նկատմամբ կոշտ հատարարություն է արվել, ընդ որում ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ուղարկվել է բողոքի նոտա, նշվել, թե Հայաստանի ղեկավարությունը ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի Կիև մեկնելը՝ Կիևի ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով, և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը։

Հատուկ ընդգծել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի ԱԳՆ հասցեին վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին։ Մտահոգություն է հնչել բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի տեսաբան Աշոտ Գևորգյանի ձերբակալությունների առիթով։ Թերևս հենց այս բողոքի նոտան էր պատճառը, որ երեկ երեկոյան Միկա Բադալյանին և Աշոտ Գևորգյանին ազատ են արձակել։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ նրանք զենք-զինամթերքի շրջանառության հետ կապված չեն, ընդամենը զենք գնողը այն տեղադրել է Գևորգյանին պատկանող մեքենայի մեջ, որում եղել է նաև Միկա Բադալյանը։

ԱԳՆ-ն, իհարկե, չի հայտնում, թե ինչ պատասխան է տվել Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Վերջինս, որ կյանքի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանում, զինվորական կոչումներ է ստացել այդ երկրում, հայտնի է որպես չափազանց ռուսամետ գործիչ և բնականաբար հայ-ռուսական հարաբերությունների՝ վերջին շրջանի այս սրացումը դեսպանի սրտով լինել չի կարող։ Չի բացառվում, որ Վաղարշակ Հարությունյանին փաշինյանական վարչախումբը հետ կանչի Ռուսաստանից և նրա փոխարեն այլ, հակառուս գործչի նշանակի՝ այդ կերպ շարունակելով իր դեմարշը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը բացարձակ մտադիր չէ հանդարտվել և շարունակելու է իր հակառուսական գործողությունները, իսկ թե դրանք ինչ հետևանքներ են ունենալու Հայաստանի համար, Փաշինյանին թերևս չի էլ հուզում։ 

Տաթևիկ Սարուխանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular