Ավելի քան 1000 զոհ․ ի՞նչ է հայտնի Մարոկկոյի ավերիչ երկրաշարժից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվելի քան 1000 մարդ է զոհվել, մոտ 700-ը՝ վիրավորվել Մարոկկոյում շաբաթ գիշերը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իգիլ կոմունայում՝ Մարաքեշից 80 կմ հարավ-արևմուտք։
Մարաքեշում և Ագադիրում շենքերի վնաս է գրանցվել։ Երկրի հարավի մի քանի խոշոր քաղաքների բնակիչներ գիշերել են փողոցներում՝ վախենալով հետցնցումներից։
Ինչ է պատահել
Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի հաղորդագրության համաձայն՝ 7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ տեղական ժամանակով 23:11-ին (շաբաթ օրը Երևանի ժամանակով 00:11-ին):
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,9 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը՝ Մարաքեշ քաղաքից 77 կմ հարավ-արևմուտք։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել երկրի հյուսիսում՝ Ռաբատից մինչև հարավում՝ Սիդի Իֆնի քաղաքը։ Փորձագետները հայտնում են, որ դրանք զգացվել են էպիկենտրոնից 400 կմ շառավղով, այդ թվում՝ թագավորության խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ագադիրում, Կասաբլանկայում, Կենիտրայում, Ռաբաթում, Էսաուիրայում։
Հիմնական ցնցմանը հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը հասել է 6 մագնիտուդի։
Զոհվածների թվում են Էլ Հաուզ, Մարաքեշ, Ուարզազատե, Ազիլալ, Չիչաուա և Տարուդանտ նահանգների և պրեֆեկտուրաների բնակիչներ։
Մարաքեշում ստեղծվել է փողոցային հիվանդանոց՝ տուժածներին օգնություն ցույց տալու համար։ Տեղի փորձագետները կոչ են արել բոլոր քաղաքացիներին շաբաթ վաղ առավոտից արյուն հանձնել։
Մարաքեշում, ինչպես նաև Ագադիրում գրանցվել են բնակելի շենքերի և տարբեր կառույցների փլուզումներ։
Երկրաշարժից տուժած շրջաններում էլեկտրամատակարարման և բջջային կապի լուրջ խնդիրներ կան։
Մարաքեշի խորհրդանիշներից մեկը՝ Al-Koutoubia մզկիթը, որը համարվում է քաղաքում ամենամեծը, զգալի վնաս է ստացել։ Նրա 69 մետրանոց մինարեթը մասամբ փլուզվել է։