ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագրում» գզվռտոցը շարունակվում է. նոր թեժացումների սպասումով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում գզվռտոցը շարունակվում է, ընդ որում որքան մոտենում են Երևանի ավագանու ընտրությունների օրը, այնքան իշխանականների նյարդերը տեղի են տալիս, իսկ հիմնականում թիրախում իրենց կողմնակիցներն են, որոնց հետ նախկին հաշիվները պարզելու հնարավորություններ է ստեղծվել։

Խորհրդարանում երեկ ամենաբուռն բանավեճը տեղի է ունեցել հենց «Քաղպայմանագրի» պատգամավորների միջև։ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որն անձնական խնդիրներ ունի խմբակցության գրեթե բոլոր անդամների հետ, քննադատել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն առնչվում է պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների ժամանակ օրգանիզմում տեղադրվող բժշկական պարագաներին ներկայացվող պահանջների։

Ըստ Արսեն Թորոսյանի՝ այն ըստ էության խտրական է և հակամրցակցային, իր հիմքում չունի որևէ հիմնավոր վերլուծություն և վիճակագրություն, իսկ նախագիծը բերելու է վճարովի բժշկական ծառայութունների գների բարձրացման, հնարավոր չի լինելու պատշաճ տարբերակել տեղադրվող պարագաների համապատասխանությունը։

Արսեն Թորոսյանին շտապել են պատասխանել առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու այդ հանձնաժողովի անդամ, ոչ անհայտ Լուսինե Բադալյանը։ Լուսինե Բադալյանը հայտարարել է, թե առաջարկվող օրենքը լուծված է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը երաշխավորելուն։ Ավելին, Բադալյանը հիշեցրել է, որ ժամանակին, երբ Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար էր, մրցակցությունն ու բիզնես շահը չէր կարևորում, այլ քաղաքացիների առողջությունը և դա ողջունելի էր, իսկ այժմ հակառակ կարծիք լսելը, առնվազն Լուսինե Բադալյանի համար, տարօրինակ է, ավելին Բադալյանը հիշեցրել է «Ծխախոտի մասին» օրենքի ժամանակ Արսեն Թորոսյանի պահվածքը և այդ օրենքի՝ ներկայումս բավարար չափով չգործելը։ Թորոսյանն ինքն ավելի ուշ ֆեյսբուքում գրառմամբ պատասխանել է Նարեկ Զեյնալյանին և Լուսինե Բադալյանին։

Մասնագիտական պոլեմիկայի մեջ չմտնելով, նշենք, որ այս հարցն իշխող ուժը կարող էր հանգիստ քննարկել խմբակցության նիստում, կամ որևէ այլ հարթակում, գալ ընդհանուր հայտարարի և իրենց պատկերացրած օրենքը ներկայացնել խորհրդարանին, սակայն փոխարենը նրանք նախընտրել են ներքին խնդիրները հանել հանրային ցուցադրության։ Սա վկայում է, որ «Քաղպայմանագրում» բնավ էլ արշալույսները խաղաղ չեն և առաջիկայում ավելի են սրվելու։

Նվարդ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular