ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը դեմ է արտահայտվել Թուրքիայի շրջանցմամբ՝ Հարավային Ասիայի և Եվրոպայի միջև առևտրային միջանցքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը դեմ է արտահայտվել Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի և ԵՄ առաջնորդների՝ առևտրային միջանցք ստեղծելու ծրագրերին, որը Հարավային Ասիան կկապի Եվրոպային՝ շրջանցելով Թուրքիան, գրում է Middle East Eye-ը։

«Մենք ասում ենք, որ առանց Թուրքիայի միջանցք չկա»,- ասել է Էրդողանը կիրակի օրը Հնդկաստանում կայանալիք G20 գագաթնաժողովին իրեն ուղեկցող լրագրողներին. «Թուրքիան կարևոր արտադրական և առևտրային բազա է։ Արեւելքից արեւմուտք շարժման ամենահարմար գիծը պետք է անցնի Թուրքիայի տարածքով»։

Տրանսպորտային գիծը, որը կոչվում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցք (IMEC), ներառում է երկաթուղային և ծովային ուղիների ստեղծում, որոնք կանցնեն Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Իսրայելի միջով, այնուհետև՝ Հունաստան և Եվրոպա:

Այս միջանցքի համար փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Եվրամիությունը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ը և G20-ի մյուս գործընկերները։

Ծրագրի հիմնական նպատակներից է 40%-ով կրճատել բեռների առաքման ժամանակը և խնայել այլ ծախսերը, այդ թվում՝ վառելիքը։

Սակայն ներկայիս տեսքով նախագիծը շրջանցում է Թուրքիան։

Էրդողանի խոսքով, ինքը տեղյակ է, որ շատ երկրներ փորձում են ընդլայնել իրենց ազդեցության գոտին՝ ստեղծելով առևտրային միջանցքներ, և Թուրքիան աջակցում է Իրաքի զարգացման ճանապարհի նախագծին, որը կոչված է կապել Պարսից ծոցի երկրները Թուրքիայի և Եվրոպայի հետ՝ երկաթգծերի և ճանապարհների միջոցով՝ ԱՄԷ նավահանգիստներով, Կատարով և Իրաքով։ 

Ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդը, մասնավորապես, «շաբաթ օրը շատ ավելի վճռական առաջարկ է արել այս հարցում»։

Թուրքիայի նախագահը մեջբերել է Էմիրաթի առաջնորդի խոսքերը. «Եկեք չհետաձգենք այս հարցը, թող մեր ընկերներն ավարտեն բանակցությունները 60 օրում, և եկեք անմիջապես հիմքը դնենք և ճանապարհ ընկնենք»:

«Արաբական Միացյալ Էմիրությունները շատ պատրաստ են այս աշխատանքին։ Կատարը շատ պատրաստ է։ Մենք շատ, շատ պատրաստ ենք սրան։ Հուսով եմ, որ մենք այս քայլին կգնանք այս ճանապարհով»,- հավելել է Էրդողանը։

Զարգացման ճանապարհի նախագիծը ներառում է մոտավորապես 1200 կմ երկարությամբ երկաթուղու ստեղծում և ժամանակակից ավտոմայրուղու կառուցում, որը մեկնում է Ալ Ֆաու նավահանգստից, որը գտնվում է Իրաքի հարավային Բասրա նահանգում:

Իրաքի կառավարությունն ակնկալում է, որ գնացքների արագությունը կհասնի 300 կմ/ժ-ի, ինչը կհեշտացնի ուղևորների և բեռների տեղափոխումը։

Բացի այդ, նախատեսվում է ստեղծել լոգիստիկ հանգույցներ, արդյունաբերական համալիրներ և նավթի ու գազատարների հնարավոր ինտեգրում։

Փորձագետների գնահատմամբ՝ այս հավակնոտ նախագիծը կպահանջի մոտ 17 մլրդ դոլարի ներդրումներ՝ տարեկան 4 մլրդ դոլար կանխատեսվող շահույթով և առնվազն 100 հազար աշխատատեղի ստեղծմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular