ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ծրագրերի ներկայացմամբ աչքի ընկավ քարոզարշավը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Վաղը կլինի քարոզչության վերջին օրը: Ըստ այդմ, արդեն իսկ կարելի է որոշակի ամփոփումներ կատարել՝ կապված քաղաքական ուժերի կազմակերպած արշավի հետ: Գրեթե բոլոր 14 ուժերը ներկայացրել են իրենց ծրագրերը, իրենց տեսլականը՝ Երևանի կառավարման ու զարգացման հետ կապված, այդ թվում՝ որոշակի նախագծերի տեսքով: Ուշագրավ է, որ այս անգամ, ի տարբերություն նախկին ընտրությունների, ընտրողների դատին հանձնվեց միանգամից մի քանի մեգանախագիծ, ընդ որում՝ բոլորի հեղինակը «Ապրելու երկիր» կուսակցությունն է:

Ի մասնավորի, Մանե Թանդիլ յանի գլխավորած ուժը ներկայացրել է, ոչ ավել, ոչ պակաս, ութ խոշոր նախագիծ՝ ճոպանուղի, Երիտասարդական պալատի վերակառուցում, «Էրեբունի» թանգարանի վերակառուցում, «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերակառուցում՝ ժամանակակից լուծումներով, «Երևան-բուլվարի», «Կասկադ-Մոնումենտի», Ֆրանսիայի հրապարակում հանրային այգու, Երևանի փոքր կենտրոնը շրջանցող ճանապարհային օղակի կառուցում: Թե որքանով են իրատեսական այս նախագծերը, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ, նշենք, որ այս ընտրությունների բնութագրական կողմերից մեկն էլ այն է, որ, ըստ փորձագետների, որևէ ուժի չի հաջողվի ստանալ 50 տոկոս պլյուս մեկ ձայն:

Ըստ այդմ, ոչ իշխանական առաջատար ուժերի միջև համագործակցության ու իշխանափոխություն իրականացնելու օրակարգ կարող է ձևավորվել, որը հիմնական ուժերը չեն բացառել: Ընդ որում, կան տեղեկություններ, որ այդ ուղղությամբ որոշակի ներքին բանակցություններ ընթանում են: Ի դեպ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը «պլան Բ» է մտածել՝ որպես հետընտրական քարոզչական հնար՝ հնարավոր պարտությունը որպես առավելություն ներկայացնելու համար, այն է՝ «մենք ժողովրդավարական երկիր ենք կառուցում, նույնիսկ պարտվեցինք, ինչը նախկինում հնարավոր չէր»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular