ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում պատրաստ են Բաքվի հետ դեմ-դիմաց բանակցելուն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեք օր առաջ Ռուսաստանի կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռը Ակնայի ճանապարհով մտավ Ստեփանակերտ։ Դրանից 12 ժամ անց, ըստ պայմանավորվածության, պետք է բացվեր նաև Լաչինի միջանցքը։ Բայց, ինչպես միշտ, Ադրբեջանը խախտեց պայմանավորվածությունը։ 

Դրանից հետո Արցախում սպասողական վիճակն էլ ավելի լարվեց․ քաղաքացիները հույսով սպասում են, որ Արցախի կյանքի ճանապարհը պետք է բացվի։

«Ակնայի ճանապարհով հումանիտար բեռ բերելու մասին որևէ բան չի քննարկվում, քանի որ պայմանավորվածություն կար՝ Ակնայով մեկ բեռնատարի մուտքից հետո պետք է բացվեր Քաշաթաղի միջանցքը։ Բայց հերթական պայմանավորվածությունը խախտեց ադրբեջանական կողմը, սակայն ռուսական կողմը չի դադարում գործուն քայլեր իրականացնել այդ ուղղությամբ։ Եվ հուսով ենք, որ մոտակա օրերին պիտի լուծվի այդ հարցը, քանի որ մենք օրերի խնդիր ունենք, և այլ տարբերակ չկա, քան այդ խնդիր լուծումը գոնե հումանիտար առումով այս միջանկյալ միջոցով»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Արցախում ակտիվ քննարկումներ են այդ առումով, քաղաքական գործընթացներն էլ են բավականին ակտիվ։ Ըստ պատգամավորի՝ այդ քննարկումներն ավելի կառուցողական ու հանդարտ են, քանի որ բոլորը մեկ կետի են նայում ու փորձում լուծումներ գտնել։

«Հիմնական տարբերակը, որ քննարկվում է, այն  է, որ արտաքին քաղաքականության մեջ Արցախը պիտի որպես սուբյեկտ կարողանա իրեն դրսևորել։ Այդ ուղղությամբ քայլեր արվում են, և ՌԴ-ի հետ հարաբերություններն արդեն Արցախ պետության ու ռուս խաղաղապահների միջև է։ Սա նորություն է, որ միանգամից մեծ արդյունք տալ չի կարող։ Բայց սա էֆեկտիվ կարող է լինել»,- նշեց Հակոբյանը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը որպես խնդրի կարգավորման լավագույն տարբերակ դիտարկում է միջազգային մեխանիզմների առկայությամբ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, արցախցի պատգամավորն արձագանքեց՝ հիմա այն փուլում են, երբ Նիկոլ Փաշինյանն ուղղակի խոսում է, ինքը ինֆորմացիայի պակաս ունի։

«Դա այն պատճառով է, որ իր հետաքրքրությունը Արցախի հանդեպ կա՛մ շատ է նվազել, կա՛մ՝ ընդհանրապես չկա։ Եվ այդ առումով շատ մակերեսային է իր խոսքը Կառավարության նիստերի ընթացքում։ Մեխանիզմներից մեկը պետք է լիներ  հենց Հայաստանը։ Իրականում, Հայաստանից որևէ գործուն քայլ չկա։ Այո՛, մենք տեսնում ենք, որ կարիքը կա, քանի որ Արցախն այս պահին մեն-մենակ է, ու պետք է որպես սուբյեկտ հանդես գա։ Բայց այնպես, որ այն ծուղակները, որ ունեն ՀՀ իշխանությունները Ադրբեջանի հետ, իրականություն չդառնան։ Այո՛, մենք տեսնում ենք մեխանիզմ, որ եռակողմ հայտարարություն ստորագրած պետությունների կողմից աշխատանքային խմբեր ստեղծվեն, մի աշխատանքային խումբ  էլ Արցախում կազմվի, և 3+1 ձևաչափով բանակցություններ ընթանան»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Նրա դիտարկմամբ՝ պետք է հնարավորություն տրվի, որ Արցախն ու Ադրբեջանը դեմ դիմաց նստեն։

«Ի վերջո, ի՞նչ առաջարկեր ունեն իրար, ինչ պահանջներ ունեն իրարից, պետք է դա հասկանալ ու նոր աշխատանքներ տանել այդ ուղղությամբ»,- ամփոփեց խոսքը Մետաքսե Հակոբյանը։

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular