Բրիտանական հետախուզություն. Ռուսաստանը պատերազմի համար օտարերկրացիների է հավաքագրում Կենտրոնական Ասիայից և Հայաստանից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐAzh.kz-ն գրում է, որ Ռուսաստանի իշխանությունները փորձում են հավաքագրել հարևան երկրների քաղաքացիներին Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար, գրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզությունը։
Վերլուծաբանները նշել են, որ հունիսի վերջին Հայաստանում և Ղազախստանում հայտնվել է առցանց գովազդ ռուսական բանակում պայմանագրային ծառայության անցնելու առաջարկով։ Կամավորներին խոստացել են միանվագ վճարել 495 հազար ռուբլի և 190 հազար ռուբլի աշխատավարձ։ Ամենաակտիվ հավաքագրումը տեղի է ունեցել հյուսիսային Ղազախստանի Կուստանայի շրջանում, որտեղ մեծ թվով էթնիկ ռուսներ են ապրում, հայտնել է հետախուզությունը։
Նաև առնվազն 2023 թվականի մայիսից Ռուսաստանի իշխանությունները փորձում են բանակ ներգրավել Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտներին։ Նրանց խոստանում են մինչև 400 հազար ռուբլի աշխատավարձ և ՌԴ քաղաքացիության արագացված ձեռքբերում։ Միևնույն ժամանակ, հետախուզությունը մատնանշում է ուղղակի ճնշումն ու խաբեությունը` որպես օրինակ բերելով օկուպացված Մարիուպոլում աշխատանքի եկած Ուզբեկստանից շինարարների դեպքը, որտեղ նրանց անձնագրերը խլել են` ստիպելով պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ։
Ռուսաստանում ապրում է Կենտրոնական Ասիայից առնվազն 6 միլիոն միգրանտ, որոնց Կրեմլը դիտարկում է որպես պոտենցիալ նորակոչիկներ մոբիլիզացիայի նոր ալիք չհայտարարելու համար, ասում են վերլուծաբանները։ Զեկույցում ասվում է, որ երկրի ղեկավարությունը ձգտում է «խուսափել հետագա ոչ պոպուլյար միջոցներից», որոնց թվում է 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ սեփական քաղաքացիների զորակոչը: «Օտարերկրացիների օգտագործումը աճող կորուստների պայմաններում Կրեմլին թույլ է տալիս հավելյալ մարդկային ռեսուրսներ ներգրավել իր ռազմական գործողությունների համար», - ընդգծել է հետախուզությունը չնշելով նման նորակոչիկների թիվը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը