ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլ պատասխանատու և մեղավոր չկա ու չի կարող լինել․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին նայելիս կարող է տպավորություն ստեղծվել, թե ամեն ինչ կարգին է ու իր հունով առաջ է գնում։ Չկա այն գիտակցումը, որ պետք է պատրաստ լինել վատթարագույնին, քանի որ ուղղակի կանգնած ենք դժվարություններով ու պայքարի գնով ձեռք բերված պետականությունը կորցնելու շեմին։ Իսկ ՀՀ գործող իշխանություններն իրենց այնպես են պահում, կարծես ոչինչ տեղի չի ունեցել, կարծես մեր հայրենիքի մի շատ կարևոր հատված չենք կորցրել, հազարավոր զոհեր չենք ունեցել, շրջափակման պայմաններում արցախցիներին սովամահություն չի սպառնում, ու հենց այսօրվա իշխող ուժը չէ, որ քար է գցել Հայաստանի ապագայի վրա։ Եթե աշխարհի մի այլ երկրում նմանատիպ իրավիճակ ստեղծվեր, ապա իշխանություններն օրուգիշեր ջանք ու եռանդ չէին խնայի ամենահրատապ խնդիրներին լուծում տալու համար, որպեսզի հնարավոր լինի նորից ոտքի կանգնել, սակայն Հայաստանը նման օրինաչափությունից էլ է դուրս։

Արդեն երկու տարի է, ինչ հակառակորդը մեր տարածքում է, սակայն դրանով չի բավարարվում և նոր տարածքներ օկուպացնելու հավակնություններ է ներկայացնում, ինչը փորձում է իրականություն դարձնել նաև գործնականում՝ պատրաստվելով նոր ագրեսիայի ու ներխուժման։ Պատահական չէ, որ մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ Ադրբեջանը սպառազինությունների ակտիվ ներկրում է իրականացնում Իսրայելից, Թուրքիայից ու Պակիստանից։ Ավելին՝ թուրքական զինված ուժերը մարզում են ադրբեջանցի զինվորականներին համատեղ զորավարժությունների միջոցով։ Եվ պարզ է, թե ինչ դառը հետևանքներ կարող է ունենալ հակառակորդի նոր ագրեսիան, բայց մեր իշխանությունների պետքը չէ, նրանք վայելում են պաշտոնները, պարգևավճարներ ստանում, «ֆռֆռում», տոներ ու փառատոններ կազմակերպում, իսկ քննարկելիքը միայն ասֆալտն է ու նման երկրորդական հարցերը:

Աստված մի արասցե, եթե պետականությունը կորցնենք, ոչ մեկի աչքի առաջ չի գալու իրենց ասֆալտապատումն էլ, աղբահանությունն էլ, կանաչապատումն էլ, որովհետև մեր ունեցածը թողնելու ենք թշնամուն, ինչպես շատ կարևոր տարածքներ, ահռելի քանակությամբ ենթակառուցվածքներ ու զինամթերք մնաց Ադրբեջանին՝ որպես ռազմավար։ Երբ վտանգի տակ կհայտնվի մարդկանց կենսագործունեությունն ու կյանքը, հնարավոր չի լինի ասֆալտապատման, կանաչապատման ու աղբահանության միջոցով (որքան էլ դրանք անկարևոր չեն) ապահովել նրանց անվտանգությունը։ Այս իրողությունը վկայում է այն մասին, որ Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմն ուղղակի ի վիճակի չէ առանցքային հարցերին հանգուցալուծում տալ ու անընդհատ ձախողում է, դրա համար էլ պիտի խոսեն նրանից, ինչ իրենց իբր հաջողվում է, թեպետ այս դեպքում էլ հաջողելը շատ մեծ ճոխություն է: Այս մարդիկ հանրահավաքների, երթերի, դատարկաբանության, «դըմփ-դըմփ-հու»ների ու փարթիների սիրահարներ են, և միայն պոպուլիզմի հարցում արհեստավարժության մակարդակի հասնելով՝ «զվարճացնում» են ժողովրդին, բայց ոչ մի դեպքում գործնական առումով պրոֆեսիոնալիզմ չեն ցուցաբերում, որպեսզի ժողովրդի մատից փուշ հանեն։

Դրա համար էլ, եթե ստացվում է՝ մի գործ էլ կատարում են՝ նույնիսկ մանրմունր աշխատանքներ, որն, ի դեպ, իրենց առօրյա աշխատանքն է պարզապես, դրա մասին այնքան են կրկնում, թվում է՝ մեծ լավություն են անում։ Իսկ իրականության մեջ այս իշխանությունները քայլում են Հայաստանը թուլացնելու ու վերացնելու ճանապարհով, որովհետև մեր անվտանգության համակարգը լիովին քանդված է, իսկ արտաքին քաղաքականության ոլորտում էլ աջակիցներ ու բարեկամներ չունենք։ Ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ցույց է տալիս, որ երես է թեքել Հայաստանի իշխանություններից։ Արևմուտքը ևս արդեն նրանց չի վստահում։ Բարդացրել են հարաբերությունները Իրանի հետ, որը դժգոհ է ՀՀ իշխանություններից, քանի որ նրանք Արևմուտքին հրավիրում են Հայաստանի տարածք, եվրոպացի դիտորդների են բերում և այլն։ Իշխող թիմին նույնիսկ չի օգնում Թուրքիայի հետ սիրախաղը, քանի որ թուրքական կողմն անվերջ պահանջներ է դնում։ Ու ամենակարևոր խնդիրներում ձախողելուց հետո էլ իշխանավորները դեռ համարձակվում են մեծ-մեծ խոսել, ուրիշներին մեղադրանքներ հղել, բորբոքել ատելությունն ու թշնամանքը, դավադրապաշտության դաշտ մուտք գործել։ Այնինչ բոլոր հարցերի պատասխանը հստակ է. այս իրավիճակի համար չի կարող այլ պատասխանատու և մեղավոր լինել, քան ներկայիս իշխանություններն են։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular