Երևանի ավագանու ընտրությունները նոր քաղաքական իրավիճակ են ստեղծել Հայաստանում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրևանի ավագանու ընտրությունները նոր քաղաքական իրավիճակ են ստեղծել Հայաստանում, սակայն հայ ժողովրդի համբերությունը և որոշ քաղաքական դերակատարների ոչ ադեկվատ վիճակը կարող է լրջորեն բարդացնել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պրոցեսը։
Երեկ վաղ առավոտից սկսած արդեն հանրությունը քննարկում էր կոնֆիգուրացիաները, ընդդիմադիր կոալիցիաների ձևավորման հնարավորությունը, ինչպես նաև, թե ով ում հետ պետք է միանա, որպեսզի հնարավոր լինի առնվազն Երևանում իշխանազրկել Փաշինյանի թիմին։
Ի վերջո գլխավոր ինդրիգը պտտվում էր հիմնական ընդդիմադիր ուժի՝ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացի» շուրջ, որի դիրքորոշումից էլ կախված է գրեթե ամեն ինչ։ Ավագանու կազմ անցած «Մայր Հայաստան» դաշինքին և «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանի կոչերին ի պատասխան, Հայկ Մարությանը երեկ տեսաուղերձով է պատասխանել, վերահաստատել իրենց սկզբունքային դիրքորոշումը՝ «ՔՊ» կուսակցության հետ համագործակցությունը բացառելու վերաբերյալ։ Ավելին, ընդդիմադիր, սակայն խորը գաղափարարական և քաղաքական հակասություններ ունեցող կուսակցություններին երկու առաջարկ է արել, որոնք լիովին տեղավորվում են ողջամտության սահմաններում։ Մասնավորապես նշել է, թե քանի որ ավագանու անցած ընդդիմադիր 4 ուժերն ունեն քաղաքական և գաղափարական տարաձայնություններ, առաջարկում են, որ իրենք առաջարկեն քաղաքապետի թեկնածու, իսկ մնացած 3 քաղաքական ուժերն առանց որևէ կոալիցիաներ կազմելու, առանց որևէ ստվերային պայմանավորվածությունների և նախապայմանների գան և քվեարկեն իր օգտին։ Թե ինչու՞ առանց պայմանավորվածությունների և ստորագրությունների, Հայկ Մարությանը նշում է, թե սա կախված է տարաձայնությունների հետ և շատ ավելի ազնիվ կլինի ընտրողների նկատմամբ։ Եվ երկրորդ առաջարկն այն է, որ եթե ինչ-ինչ պատճառներով այս 3 ընդդիմադիր ուժերը չեն համաձայնում իրենց տարբերակին, կարող են գնալ քաղաքային ընտրությունների և թող ժողովուրդը որոշի հետագա ընթացքը։
Բնականաբար նման առաջարկից հետո պետք է քննարկումներ սկսվեն, կուսակցությունները որոշեն թե որն է քաղաքականապես ավելի ճիշտ և որն է ավելի լուրջ հնարավորություն Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, փոխարենը Հայկ Մարությանի այս առաջարկից հետո, այն նույնիսկ չքննարկած, թե՛ ավագանու կազմ անցած քաղաքական ուժերը և թե՛ նրանց կողմնակիցները, ինչպես նաև անգամ նրանք, որ նախորդ օրը Հայկ Մարությանի արևով էին երդվում, մի իսկական արշավ սկսեցին՝ նրան մեղադրելով հնարավոր բոլոր մեղքերի մեջ, իսկ «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանն իր հնարավոր «դաշնակցին»՝ ընդհուպ մեղադրելով կոռուպցիայի մեջ։
Առնվազն տարակուսելի կլինի, եթե այս հայտարարություններից հետո Հայկ Մարությանն ընդհանրապես համագործակցի «Հանրային ձայնի» հետ։ Շատ ավելի ողջամիտ կլիներ գոնե առնվազն ընդհանուր քննարկումներով գալ ինչ-որ կոնսեսուսային որոշման, բայց ոչ, առնվազն սպասարկելով գործող իշխանությունների օրակարգը, «Ազգային առաջընթացի» և նրա ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի դեմ արշավ սկսելը լուրջ կարող է բարդացնել իրավիճակը, առավել ևս որ իշխանությունը չի էլ թաքցնում, մտադիր են զբաղվել «անասնագողությամբ»։
Աննա Սահակյան