Հաց բերողը մահացավ. հավերժն ու անցողիկը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Այսօր իսկ տեսնում եմ. վաղը` տարիներ կամ տասնամյակներ հետո Հաց բերողը արդեն մեզ համար սիմվոլ է: Հաց բերողի օր է լինելու կամ տոն է լինելու, կամ`… չգիտեմ: Նրա կերպարը մտնելու է մեր կյանք, մեր կենցաղի մեջ է լինելու անգամ: Մեր երեխաներին պատմելու ենք նրա մասին, ասելու ենք, թե բանն ինչպես է եղել:
Ու իրականության վրա մի քիչ էլ անիրականն ենք դնելու ու ստեղծելու ենք մեր առասպելը: Մեր ազգային առասպելը, որ բարոյականության աղբյուր է լինելու ու բարոյական նկարագիր է պարտադրելու մեզ:
Սա` վաղվա համար:
Իսկ այսօրվա մասին քիչ բան կա ասելու: Կարող ենք պատկերացնել միայն, թե ինչպես նման իրավիճակում, երբ երկրի ողջ ուժային կառույցների նյարդերը պրկված են, երբ կայծ է պետք, որ բռնկվի հրդեհը, մի մարդ, մի բարեհոգի մարդ, սեփական միջոցները դնի (հնարավոր է, որ այդ միջոցներն իր երեխայի վերջին հացի փողն էր), գնի սնունդ, ուտելիք և այլ անհրաժեշտ բաներ, բարձի սեփական մեքենան ու մինչև ատամները զինված, պրկված նյարդերով ուժայինների քթի տակով գնա ու հաց հասցնի մարդկանց, որոնց նկատմամբ պետական ողջ համակարգը ատամներ է կրճտացնում: Համարում է հանցագործ, համարում է` է՛ս, է՛ն…
Մի քիչ անհասկանալի է այս մարդու հոգեբանությունը մեր` սովորական մարդկանց տեսակետից: Բայց այդ մարդը կա ու արեց այդ ամենը:
Նշանակում է հենց այսպիսի մարդկանց կերպարն է, որոնց շուրջ ստեղծվում են առասպելները: Եվ այդ առասպելներն են, որ դառնում են տվյալ ազգի բարոյական, արժեքային կնիքը:
Հիմա հարկ չկա անդրադառնալ, թե այս իշխանություններն ինչ արեցին ու ինչու արեցին: Դրանք անցողիկ բաներ են: Հենց այդ անցողիկի միջոցով, անցողիկի հիմքով է ծնվում–կայանում հավերժի արժեքը ու դառնում հարակա սնունդ ժամանակների մեջ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: