ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի անհայտ ճակատագիրը. Ինչ են որոշել քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 10-ին նախատեսված է Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում պետք է ընտրվի Երեւանի նոր քաղաքապետ, քանի որ որեւէ ուժ չի ստացել 50%+1 ձայն:

Նշենք, որ, ըստ Ընտրական օրենսգրքի, եթե որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է բաց քվեարկության միջոցով:

Այդ դեպքում ավագանու լիազորությունները ստանձնելու պահից հետո` երկշաբաթյա ժամկետում, ավագանին պետք է ընտրի քաղաքապետ։ Ըստ օրենքի՝ եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե ավագանին չկարողանա երկշաբաթյա ժամկետում համաձայնության գալ ու չընտրի քաղաքապետ, ըստ ԿԸՀ նախագահի, կառավարությունը երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո պետք է ավագանու արտահերթ ընտրություններ նշանակի։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք, եւ արդյոք կառաջադրեն Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: «Նման իրավիճակում մեր կուսակցությունը համենայնդեպս մոտակա մեկ շաբաթը չի կարող որեւէ հայտարարություն անել, քանի որ այդ մասով որեւէ քննարկում չունենք: Երբ գա հոկտեմբերի 10-ը, դրանից 1-2 օր առաջ կանենք քաղխորհրդի նիստ, կորոշենք»:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր առաջին դեմքի՝ Հայկ Մարությանի հետ գտնվում է ընդհատակում՝ որեւէ կերպ չարձագանքելով զանգերին: Նույն իրավիճակում է նաեւ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը, սակայն հրապարակային ելույթներում, կարծես թե, նրա դիրքորոշումը՝ իշխող քաղաքական ուժի հետ կապված, պարզ է. հավելյալ մանրամասներ նրանց կողմից հայտնի չէ:

«Հանրային ձայն» կուսակցությունից Տիգրան Ուլիխանյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս շարունակում է լռելյայն ապրել. նրանց էլ, կարծես թե, այս իրավիճակը ձեռնտու է:

Թե ինչ ճակատագիր կունենա Երեւանը, դեռեւս մնում է անհայտ. անհայտությունը կարծես դուր է գալիս նաեւ ավագանու անդամներին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular