Ամենատարածված ճիճվային վարակի` Էնտերոբիոզի (սրատուտ) ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԷնտերոբիոզը լայնորեն տարածված ճիճվային հիվանդություն է: Հարուցիչը սրատուտն է, որը 0,5 սմ երկարությամբ սպիտակ որդ է: Սրատուտները ապրում են մարդու բարակ աղիների ստորին և հաստ աղիների վերին հատվածներում: Էգ սրատուտները դուրս են գալիս հետանցքից և մաշկի տվյալ հատվածի ծալքերում ձվադրում: Էգը կարող է արտազատել 10- 12 հազար ձվիկ, որոնք մի քանի ժամ հետո դառնում են վարակիչ: Ձվադրումը հաճախ տեղի է ունենում գիշերը, որի ընթացքում սրատուտը արտադրում է մի նյութ, որի միջոցով ձվիկները կպչում են մաշկին` առաջացնելով ուժեղ քոր: Կայուն իմունիտետի բացակայության պատճառով էնտերոբիոզով արդեն հիվանդացած անձիք կարող են նորից վարակվել և հիվանդանալ, թեև սրատուտի կյանքի տևողությունը 30-40 օր է:
Սրատուտը տեղավորվում է աղու լորձաթաղանթի մեջ` այնտեղ առաջացնելով բորբոքային պրոցես: Ձվերի հասունացումը օրգանիզմի մեջ տեղի է ունենում, երբ դրանք ձեռքերի կամ այդ ձվերով վարակված սննդամթերքի և ջրի միջոցով բերան են ընկնում: Երեխաների եղունգները կրծելու սովորությունը կարող է վարակման կամ ինքնավարակման պատճառ դառնալ: Ապացուցված է, որ ճանճերը նույնպես կարող են փոխանցել սրատուտի ձվերը:
Ախտանշանները
Էնտերոբիոզի կլինիկական նշանները որոշակի են: Երեկոյան և գիշերային ժամերին էնտերոբիոզով հիվանդ երեխայի հետանցքի մաշկի շուրջը ուժեղ քոր է սկսվում: Քունը խանգարվում է, գլխապտույտ, գրգռվածություն, հոգնածություն և հիշողության թուլացում է առաջանում: Էնտերոբիոզով հիվանդ երեխաները դառնում են դյուրագրգիռ, ցրված: Կարող է նկատվել ախորժակի խանգարումներ, ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, աղիքային խանգարումներ: Հետանցքի մոտ մաշկի վրա առաջանում են ճաքեր, բորբոքում: Եթե սրատուտները մտնում եմ աղջկա հեշտոցի մեջ, կարող է տեղային բորբոքային պրոցես առաջանալ, ինչը ուղեկցվում է քորով և կարմրածությամբ:
Էնտերոբիոզի կլինիկական կասկածանքը պետք է հաստատվի լաբորատոր հետազոտության դրական պատասխանով:
Կանխարգելումը և Բուժումը
Էնտերոբիոզի դեմ պայքարի մեջ կարևոր է բնակչության սանիտարական գրագիտությունը, հիվանդների ժամանակին հայտնաբերումը և բուժումը: Ընտանիքում և մանկական կոլեկտիվներում երեխային սովորեցնում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները` լվանալ ձեռքերը, կարճ կտրել և չկրծել եղունգները:
Գիշերանոցները լվանում են եռացող ջրով: Սանիտարահիգենիկ միջոցառումների հետ համատեղ կատարվում է թերապևտիկ բուժում` էֆեկտիվ դեղամիջոցներով: Բուժումը նշանակվում է բժշկի կողմից: Բուժումն ավելի արդյունավետ է, երբ միաժամանակ բուժվում են ընտանիքի վարակված բոլոր անդամները:
Հիվանդացածների նկատմամբ դիսպանսեր հսկողություն է սահմանվում: Հետազոտությունը կատարվում է բուժումից 2 շաբաթ անց, 3 անգամ` հետագա 3 շաբաթվա ընթացքում:
Աղբյուր` mybaby.am