ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանն ու իր թիմը ոչ թե համախմբման ու համազգային օրակարգի, ինչպես փորձ է արվում ներկայացնել, այլ զանգվածային բողոքի ալիքի վրա դագաղներով եկան իշխանության, ու իրենց հետ մեր հանրային կյանք ներմուծեցին միայն հոռի երևույթներ՝ իրենց բոլոր հետևանքներով: Իսկ երկիրը ղեկավարելու ընթացքում նրանք սերմանեցին ներքին ատելություն, հասարակությունը բաժանվեց սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, մի խոսքով՝ բազմաթիվ շերտերի։ Երկրի զարգացման ու համազգային միասնության օրակարգն էլ փոխարինվեց մասնատման և մեղադրանքի օրակարգով։

Արդեն հինգ տարի է, ինչ հանրային դաշտի անբաժանելի մասն է դարձել փոխադարձ ատելությունը, հակակրանքը, մեկը մյուսի կոկորդ կրծելը, հայհոյանքն ու զազրախոսությունը։ Փաշինյանի իշխանությունը հմտորեն թշնամացրեց մարդկանց։ Այս ամենի հետ մեկտեղ բաժանարար գծեր անցկացվեցին Հայաստանի ու Արցախի, ավելի ստույգ՝ «հայաստանցիների» և «արցախցիների» միջև։ Հանրության աչքում նսեմացվեց Արցախյան հերոսամարտի ու ընդհանրապես Արցախ աշխարհի նշանակությունը։ Փաշինյանի օրոք առաջ քաշվեց այն պատկերացումը, թե Արցախը հակահեղափոխության օջախ է և իր գոյությամբ բեռ է Հայաստանի համար։ Ու երբ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին մասշտաբային հարձակում սկսեց Արցախի դեմ, ՀՀ իշխանությունները միայն դիտորդի դեր ստանձնեցին ու չմիջամտեցին՝ պատճառաբանելով, թե պաշտպանում են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։

Թերևս այն պայմանավորված էր նաև տարիներ շարունակ նույն շրջանակների կողմից ներմուծված վտանգավորագույն, անհեթեթ թեզերով, թե՝ «Արցախը հանձնենք, որպեսզի լավ ապրենք», «Արցախն ինչների՞ս է պետք» և այլն։ Հայաստանի պարտության համար ՀՀ իշխանությունները հատուկ ճանապարհ բացեցին երկրի բանակը թուլացնելու միջոցով։ ԶՈւ կարևորագույն պաշտոնյաները թաշկինակի պես փոխարինվեցին, թիրախավորվեցին սպայակազմն ու պատերազմ անցած մարդիկ։ Հայաստանը գնեց այնպիսի զենքեր, որոնք այդպես էլ պետք չեկան պատերազմի ժամանակ։ Մյուս կողմից էլ՝ կրթության և փորձի փոխարեն կարևորվեցին դիլետանտությունն ու իրավիճակայնությունը։ Եվ բարձր պաշտոնյաների ընտրության ժամանակ Փաշինյանի կողմից նախընտրությունը տրվում էր ոչ թե նրան, թե ինչ որակներ ու գիտելիքներ ունի տվյալ պաշտոնյան, այլ հաշվի էր առնվում հանգամանքը, թե որքանով է դիմազուրկ և լոյալ՝ երկրի ղեկավարությանը։ Զուգահեռ Փաշինյանի օրոք շինծու դատական գործերի հարուցումն ու քաղաքական բռնաճնշումները դարձան նորմա։

Արհեստականորեն հազարավոր գործեր են կարվում, որոնք հետո դատարանում ջարդվում են մեկը մյուսի հետևից։ Արդյունքում մարդիկ հայտնվում են քաշքշուկների մեջ, իսկ պետությունն անիմաստ ռեսուրսներ է ծախսում։ Բայց կարևորը ոչ թե դա է, այլ այն, որ կլինեն քաղաքացիներ, ովքեր կմտածեն, թե պետությունը «թալանվածը» հետ է բերում։ Հինգ տարվա ընթացքում ներդրվեցին հանրային կարծիքը հատուկ մանիպուլացնելու տարբեր օրակարգեր, օրինակ՝ սոցիալական ցանցերով երկրի կառավարում, լրատվական դաշտի լցոնում «պերֆեկտթիվիներով», որոնց միջոցով լվացվում են մարդկանց ուղեղները, կեղծ ու վարկաբեկիչ նյութեր են տարածվում տարբեր հայրենակիցների մասին։ Հատուկ մտադրությամբ ստեղծվեց մի այնպիսի միջավայր, որ հասարակությունը պետք է իր զգոնությունը կորցներ ու անընդհատ զվարճանար, խաղադրույքներ աներ, համերգների գնար՝ մտածելով, թե երկիրը հուսալի ձեռքերում է։ Նայեք, թե զվարճությունների ոլորտը տնտեսության մեջ ինչ մեծ աճ է գրանցել Փաշինյանի կառավարման տարիներին ու կհամոզվեք։

Այնպես չէ, որ այս ամենը միայն նշյալ հինգ տարում է արվել. թե՛ հակաարցախյան շարժումը, թե՛ հանրության ուղեղների «լվացումը» նույն Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված ուժերն ու անհատները «դրսի» ակտիվ աջակցությամբ իրականացրել են տարիներ շարունակ, պարզապես 2018 թվականից հետո՝ ավելի լայն մասշտաբներով՝ օգտագործելով իշխանական բոլոր լծակները: Արդյունքում՝ 2018 թվականի իշխանազավթումից հետո անընդհատ ողբերգությունների շրջափուլում ենք։ Ամեն անգամ նոր աղետ, պարտություն ու կապիտուլ յացիա է գալիս ժողովրդի գլխին։ Ինչպես դագաղներով եկան իշխանության, այնպես էլ շարունակում են դագաղներով կառավարել։ Ու ընդհանրապես, նրանք ինչին դիպչում են, փչացնում են։ Երբ Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչները խոսում են Արցախի անվտանգությունից, Արցախը կորցնում է իր անվտանգության երաշխիքները, արցախցիների իրավունքներից է խոսում, արցախցիներն իրավազուրկ վիճակում բռնի տեղահանվում են, որ գազանությունների զոհ չդառնան։ Հիմա էլ Փաշինյանը խոսում է ՀՀ-ի ինքնիշխանությունից, ու թերևս իրադարձությունների տրամաբանական շղթային նայելով՝ շուտով զրկվելու ենք նաև մեր ինքնիշխանությունից, եթե, իհարկե, իշխանությունները շարունակեն մնալ երկրի ղեկին...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular