Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎերջին ավտոբուսը երեկ Արցախից հասել է Գորիս 15 ուղևորներով։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ՝ նվիրյալ մարդկանց մի փոքր խումբ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ, անօգնական մարդկանց տարհանելու համար։
Երեկ ժամը 8-ի դրությամբ Արցախից Հայաստան էր տեղափոխվել 100 514 բռնի տեղահանված անձինք։ Մի փոքր խումբ՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ մնացել են Արցախում, որպեսզի իրականացնեն զոհերի, աճյունների և հնարավոր անձանց տարհանումը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են իրենց հակառուսական քայլերը՝ այդպես էլ չգիտակցելով, որ դա լրջագույն խնդիր կարող է դառնալ, նույնիսկ նրանց շատ սիրելի Արևմուտքը գիտակցում է, թե ինչ խնդիրների մեջ կարող է խրվել և աստիճանաբար հրաժարվում է Հայաստանի իշխանությունների պահանջները կատարելուց։
Մասնավորապես ՄԱԿ դիտորդներն արդեն գտնվում են Արցախում, այն ժամանակ, երբ բնակչությունն ամբողջությամբ դուրս է եկել, չի բացառվում, որ ադրբեջանական նավթի և գազի դիմաց, ՄԱԿ-ի դիտորդներն ամրագրեն Ադրբեջանի հայտարարությունները՝ հերթական հակահայկական հայտարարությունները տարածելով, իսկ Փաշինյանի սիրելի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լե Քորնյուն հայտրարել է, թե Ֆրանսիան չի կարծում, որ Ֆրանսիան կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հիշեցնելով, որ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել հայ պաշտոնակցի հետ՝ նա ասել է, թե իրենք դիտարկում են Հայաստանից եկող պահանջները, որպեսզի այդ երկիրը կարողանա պաշտպանել իրեն։ Փաստացի, այս անգամ ևս ֆրանսիական, անգլիական կամ ամերիկյան նավերն ու օդանավերը չբարձրացան կամ չցանկացան բարձրանալ հայկական լեռներ, իսկ Նիկոլ Փաշինյանը կրկին վտանգի տակ դրեց Հայաստանի Հանրապետությունը։
Նարինե Խանումյան