Հայ-ռուսական հարաբերությունները սրվում են ժամ առ ժամ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱզգային ժողովն այսօր սկսում է Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը։ Ինչպես և սպասելի էր Ռուսաստանը բավականին կոշտ է արձագանքում հակառուսական յուրաքանչյուր քայլի։ Երեկ էլ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Նիկոլ Փաշինյանին, հայտարարել, թե Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ թողնելու որոշումը կայացվել է հենց Հայաստանի վարչապետի անմիջական մասնակցությամբ։ Ըստ Լավրովի, երբ Երևանում գործիչներն ասում էին, որ 2020 թվականի նոյեմբերին պատերազմը դադարեցնելու պայմանագիր ստորագրելով Պուտինը ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը տալ Ադրբեջանին, սուտ է։ «Այդ պայմանագրում նշված է, որ Ղարաբաղը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության տարածքն է և կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է, բայց մեկ կամ մեկուկես տարի անց վարչապետ Փաշինյանը Պրահայում ստորագրեց փաստաթուղթ, որով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Լավրովը, ըստ էության՝ հերքելով Փաշինյանի և նրա վարչախմբի տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները։
Ռուսաստանի դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինն էլ անդրադարձել է Հայաստանում այժմ քննարկվող ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցին, նշել, թե նման հայտարարությունները սկանդալային են և հակառուսական ալիքի վրա քաղաքական միավորներ վաստակելու փորձ։ «Համոզված եմ, որ այդպիսի փորձերը Հայաստանում աջակցություն չեն ստանա և չեն խաթարի մեր ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը, մենք ուշադիր հետևելու ենք զարգացումներին», -գրել է Կարասինը։
Իսկ Ռուսաստանում արդեն հակահայկական տրամադրություններ են հրահրվում։ Տյումենում օրեր առաջ երթ է տեղի ունեցել դեպի Ռուսաստանի հայերի միության գրասենյակի շենք՝ «Ռուսաստանը ռուսների, այլ ոչ «խաչերի» հայրենիքն» է» կարգախոսով։
Այժմ էլ Վերին Լարսի անցակետում մի քանի հարյուր բեռնատարներ են կայանված, որոնց մուտքը Ռուսաստան արգելվում է։ Փաստացի, Ռուսաստանը սկսել է տնտեսական պատժամիջոցները Հայաստանի դեմ և առաջին հարվածը ստանում է հայկական կոնյակը։ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու քայլերն արժանանալու են Ռուսաստանի կոշտ ազդեցությանը։ Արդյո՞ք մեր տնտեսությունը կկարողանա դիմագրավել այս բոլոր հարվածներին, թե՞ ոչ, չափազանց լուրջ հարց է։
Նարե Մանուկյան