Զախարովան՝ Ալիևի՝ Գրանադա գնալուց հրաժարվելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՅուրաքանչյուր երկիր ունի իր դիրքորոշումն ու քաղաքականությունը որոշելու ինքնիշխան իրավունք: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի՝ Գրանադայում գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու մասին տեղեկությունը, որտեղ պետք է կայանար նրա հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Որքան հասկանում եմ, սա հանդիպում է, որին մենք չենք մասնակցել, ուստի այս դեպքում հարկ չեմ համարում մեկնաբանել կողմերի որոշումը։ Ավելին, Բաքուն պարբերաբար մեկնաբանում է իր բոլոր քայլերը, կարծում եմ՝ արժե նման հարցեր ուղղել ադրբեջանական կողմին կամ սպասել նրա մեկնաբանություններին»,- նշել է նա:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է հանդիպում կայանար Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։ Մերժման պատճառը «Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը Թուրքիայի նախագահի հանդիպմանը մասնակցելու հարցում։ Նման պայմաններում Ադրբեջանը հրաժարվել է բանակցություններ վարել»։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը մրսածության պատճառով չի մեկնի Գրանադա։