ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ է արժևորվում դոլարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին մեկ-երկու օրվա ընթացքում Հայաստանում դոլարը կտրուկ արժևորվել է, հատկապես 100 հազար արցախցիների բռնի տեղահանությունից հետո։ Եթե սեպտեմբերի 19-ին բանկերը մեկ դոլարը վաճառում էին շուրջ 387 դրամով, ապա երեկ առավոտյան արդեն դոլարի փոխարժեքը հասել էր մինչև 460 դրամի։ Երեկոյան փոքր-ինչ իրավիճակը մեղմվել էր և դոլարի փոխարժեքը հասել էր 430-435 դրամի։

Ի՞նչ է ի վերջո տեղի ունենում Հայաստանի տնտեսության մեջ։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ այս պահին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի նման թուլացման օբյեկտիվ մակրոտնտեսական պատճառներ չկան։ Արցախից ներքին տեղահանվածների հետ կապված ծախսերը չեն գերազանցում հանրապետության պահպանման համար ծախսված գումարները։ Տարբեր երկրներից էլ զգալի գումար է հատկացվել մարդասիրական օգնության համար և այդ գումարները Հայաստան են բերվել դոլարով կամ եվրոյով։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն, օրինակ, կարծում է, որ դոլարի ինքնարժեքի սրընթաց բարձրացումը Հայաստանի անվտանգային և քաղաքական իրավիճակով պայմանավորված բացասական սպասումների արդյունք է։ Թերևս դրանով է պայմանավորված, որ առքի և վաճառքի տարբերությունը հասել է ահռելի չափերի, տոկոսային առումով արտահայտված՝ ընդհուպ մինչև 90–ականների մարժային։

Հայաստանի Կենտրոնական բանկը բացարձակ անգործության է մատնված այս պայմաններում, ընդամենը երեկ հայտարարել են, թե ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով արտարժույթի շուկայում գործառնություններ են իրականացնելու, սակայն չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչպիսի քայլեր են անելու։ Ավելին, մի շարք տնտեսագետներ կարծում են, որ, օգտվելով երկրում ստեղծված ծանր իրավիճակից, Կենտրոնական բանկը և մի շարք բանկեր պարզապես սպեկուլացիաներ են իրականացնում՝ խուճապային տրամադրություններ սերմանելով և հավաքելով ժողովրդի ձեռքին գտնվող արտարժույթը։ Համենայնդեպս, ըստ վերլուծաբանների, իրավիճակն այսպես երկար չի տևելու և դոլարը կնվազի, թերևս մասնագետները միակարծիք են մեկ հարցում, որ մեկ դոլարը 400 դրամից պակաս այլևս չի վաճառվի։ 

Նունե Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular