ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ տեղալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ տեղալ և նորանոր հայտարարություններ անել, որոնք լրջագույն վնաս են ներկայացնում։ Նախօրեին Եվրամիության խորհուրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Միշելի՝ նա Ալիևին է փոխանցել ԵՄ հավատարմությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Ընդգծեցի նաև Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքների երկարաժամկետ հեռանկարում ապահովելու անհրաժեշտությունը»,- գրել է Շառլ Միշելը թվիթերյան իր էջում։

Ադրբեջանի նախագահականի տարածած հայտարարությունն արմատապես տարբերվում է և շատ ավելի լայն է, ավելին՝ Ալիևը մի քանի վիճահարույց հայտարարություններ է արել, մասնավորապես խոսել է՝ իբր 8 գյուղերի մասին, որոնք դեռ գտնվում են Հայաստանի «օկուպացիայի» տակ, ապա ընդգծել դրանց ազատագրման կարևորությունը։

Ադրբեջանի նախագահը նաև քննադատել է Ֆրանսիային, նշելով, որ՝ «Հայաստանին զենք տրամադրելու մոտեցումը ծառայում է ոչ թե խաղաղությանը, այլ նոր հակամարտությանը, իսկ եթե տարածաշրջանում նորից հակամարտություն սկսվի՝ մեղավորը Ֆրանսիան կլինի»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը, օգտվելով իր համեմատաբար հարմար վիճակից, փորձում է առավելագույնը պոկել հայկական կողմից, մինչդեռ հայտնի է, որ առնվազն, այսպես կոչված անկլավների մասով, 1974 թվականի ԽՍՀՄ գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզներով, Ադրբեջանը Հայաստանի տարածքում ուներ ոչ թե 8, այլ 3 անկլավներ՝ ընդհանուր 42 քառակուսի կմ տարածքով։

Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքում ուներ 41 քառակուսի կմ տարածքով մեկ անկլավ՝ Արծվաշենը, և այս պահին լրջորեն անհեթեթ է Իլհամ Ալիևի այս հայտարարությունը 8 գյուղերի մասին, համենայնդեպս Ադրբեջանը որևէ մանրամասն չի ներկայացրել իր պահանջած գյուղերի վերաբերյալ, ուստի և Հայաստանի իշխանությունները պարտավոր են իրենք տեղեկացնել, թե ինչ վտանգներ է պարունակում Ադրբեջանի նախագահի հայտարարությունն իր մեջ։

Աննա Պապինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular