ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուրջ 2 տարի կալանքի տակ գտնվող Վանաձորի քաղաքապետի գործը վկաների հարցաքննության փուլում է․ կան արդարացնող ցուցմունքներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Շուրջ 2 տարի կալանքի տակ գտնվող Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործը գործով վկաների հարցաքննության փուլում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Ասլանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը։

«Վկաների հարցաքննությունների փուլում ենք, 16 վկայի արդեն հարցաքննել ենք, 30 վկա է, որից կեսն արդեն հարցաքննվել է։ Այժմ նրան կալանքի տակ պահելու հիմքն այն է, թե նա, ազատության մեջ մնալով, ազդեցություն կունենա գործով վկաների վրա։ Մոտ 10 վկա եկել ու դատարանում ասել է, որ այս գործից տեղյակ չէ, մի քանի վկաներ են եկել, որոնք էլ Ասլանյանին արդարացնող ցուցմունքներ են տվել։ Այս դեպքում աբսուրդ է նրան կալանքի տակ պահելը»,- ասաց Արտակ Ոսկանյանը և հավելեց, որ վկաների հարցաքննությունից հետո Ասլանյանին ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվելու։

Նրա խոսքով՝ Մամիկոն Ասլանյանի կողմից կայաված որոշման իրավաչափության հարցը պետք է քննվեր ոչ թե քրեական, այլ վարչական դատարանում․ «Մամիկոն Ասլանյանի մեղադրանքն այն է, որ դու կայացրել ես ապօրինի որոշում։ Այդպիսի որոշում կանացնելու օրինականությունը ստուգող մեկ մարմին կա, դա Վարչական դատարանն է։ Աբսուրդն այն է, որ Ասլանյանի մեղադրանք է առաջադրվել, թե ապօրինություններ է կատարել, որը ըստ օրենքի համարվում է քննիչի ու դատախազի ենթադրությունը, որը հիմա դատարանը քննում է։ Գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել, թե նա անօրինական որոշումներ է ընդունել, նույն Գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ այդ որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով։ Կարող է լինել մի իրավիճակ, որ Ալսանյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն են կայացնում ըստ որի նա անօրինական որոշումներ է կայացրել, բայց հետո երբ Վարչական դատարանն այդ հարցը քննում է, որոշում է, որ այդ որոշումներն օրինական են, այսինքն՝ կա մեկ մարմին, որը պետք է որոշի որոշման իրավաչափության  հարցը։ Եվ այսօր անձը կալանքի տակ է այն բանի համար, որ քննիչը գտնում է, որ քո որոշումն անօրինական է»։

 

Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաեւ համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ կատարել է պաշտոնական կեղծիք: Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

2021 թ․ դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթել էր Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը։ Օրեր անց՝ դեկտեմբերի 15–ին, Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular