Բանակցային տարբեր հարթակների ուղղությունների առանձնահատկությունները․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտն, ըստ էության, բավական ժամանակ է՝ չի գործում, սակայն դրա փոխարեն համանախագահող երկրները փորձում են ինքնուրույն միջնորդական ջանքերով հանդես գալ։ Օրինակ՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը տեղափոխել դեպի արևմտյան հարթակներ, և գործնական առումով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների կազմակերպման ու առաջընթացի ապահովման հարցը Վաշինգտոնը պատվիրակել է Բրյուսելին։ Բրյուսելի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի միջև արդեն մի քանի հանդիպում է տեղի ունեցել, դրանց արդյունքում որոշակի արձանագրումներ են կատարվել և հայտարարություններ են ստորագրվել։ Սակայն ուշագրավ է, որ այս ամենի արդյունքում միջնորդական առաքելության գործընթացից դուրս է մնում Ֆրանսիան, որը, ճիշտ է, ԵՄ անդամ է, բայց լիովին ինքնուրույն խաղացող է։ Փարիզը փորձում է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանել Հայաստանին աջակցելու և թուրք-ադրբեջանական հավակնություններին հակազդելու միջոցով։
Պատահական չէ, որ Ֆրանսիան նաև արձանագրումներ է կատարում ադրբեջանական հանցագործությունների մասին։ Վերջին նման արձանագրումն էլ այն էր, որ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հստակ հայտարարեց, թե Արցախի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, և տեղի ունեցածը բռնի տեղահանում էր։ Եթե ներկա փուլում Մոսկվան ձեռնպահ է մնում Հայաստանին զինելուց, ապա Փարիզը, ձգտելով լրացնել Ռուսաստանի ստեղծած վակուումը, փորձում է նաև սպառազինություններ մատակարարել Հայաստանին, ինչի արդյունքում մեր երկրում պրոֆրանսիական տրամադրությունները թափ են հավաքում։ Սակայն Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել այն հարթակներում բանակցություններին, որտեղ ներկա է Ֆրանսիան՝ պատճառաբանելով, թե իբր Փարիզն ազնիվ միջնորդ չէ։ Թերևս դրանով էր պայմանավորված, որ Ալիևը հրաժարվեց Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված հանդիպումից, որին մասնակցելու էր նաև Ֆրանսիայի նախագահը։
Դրա փոխարեն Բաքուն պահանջել էր, որ Թուրքիայի նախագահը ևս մասնակցի Գրանադայի հանդիպմանը։ Ուշագրավն այն է, որ Ադրբեջանը փորձում է բանակցությունների գործընթացը տեղափոխել այլ ու նույնիսկ լիովին նոր հարթակներ։ Օրերս Վրաստան կատարած իր այցի ժամանակ Իլհամ Ալիևն այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում նշեց, որ Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի ներկայացուցիչների հետ: Իր հերթին էլ վրացական կողմը հավաստիացրեց, որ կարող է միջնորդական առաքելության իրագործումը ստանձնել։ Պարզ է, որ միջնորդական առաքելության ստանձնումն էականորեն կբարձրացնի Վրաստանի միջազգային հեղինակությունը, բայց Թբիլիսին չունի այն ազդեցությունը, որի արդյունքում Ալիևի՝ անվերջության ձգտող մաքսիմալիստական հավակնությունները զսպվեն։ Ուստի, վրաստանյան հարթակն Ադրբեջանը կարող է օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը շարունակելու համար։
Բայց զարմանալին այն է, որ միաժամանակ Ալիևը համաձայնել է Բրյուսելում ԵՄ-ի միջնորդությամբ նոր հանդիպման կայացմանը։ Իր հերթին էլ Մոսկվան է ձգտում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի կուլմինացիան կարող է լինել Ռուսաստանի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Այս ամենին զուգահեռ նախատեսվում է «3+3» հարթակով հանդիպումներ կազմակերպելու ձևաչափի գործարկումը։ Եվ Ալիևը շտապեց հայտարարել, որ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Դրան, կարծես, պատրաստ է նաև Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ «3+2» ձևաչափով առաջին և առայժմ վերջին հանդիպումը (Վրաստանը մինչ օրս հրաժարվում է մասնակցել հարթակի աշխատանքներին Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով) տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ Այս ձևաչափի գործարկմամբ Թուրքիան է առաջին հերթին շահագրգռված, որպեսզի առանձին հարթակ ստեղծի, որում միջնորդի դերում հանդես կգա։
Մյուս կողմից էլ՝ Իրանն է շահագրգռված «3+3»-ի գործարկմամբ, քանի որ դրանով Թեհրանը կարող է ազդել Հարավային Կովկասի գործընթացների վրա, բայց Թեհրանի ու Անկարայի շահերը տարածաշրջանային խնդիրների հետ կապված միմյանց հակասում են։ Պատահական չէ, որ Էրդողանի օրակարգից չի իջնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Այս անգամ նա հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ «Զանգեզուրի միջանցքի» բացման պայմանով։ Ըստ այդմ, իրանական կողմը քաջ գիտակցում է, որ Թուրքիան չի հրաժարվելու Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցքի» բացումից, ինչքան էլ Բաքուն և Անկարան փորձեն իմիտացնել, որ եթե Հայաստանը չհամաձայնի, ապա այդ միջանցքը Իրանով կանցնի ու թեման կփակվի։
Մեկ այլ խնդիր է այն, որ Վրաստանը այդպես էլ կարող է չհամաձայնել մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպմանը, և այն փաստացի տեղի կունենա «3+2» ձևաչափով։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ դրա արդյունքում Արևմուտքը դուրս է մնալու տարածաշրջանում ներազդեցություն ունենալու հնարավորությունից։ Դրա համար էլ Արևմուտքն էլ առանձին է փորձելու հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, և այս հարցում ԵՄ-ն կարողացել է ստանձնել գլխավոր միջնորդի առաքելությունը՝ չնայած որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում առաջնայնությունը վերցնել իր ձեռքը՝ առաջ քաշելով նաև այն թեզը, թե Ղարաբաղյան հիմնահարցը լուծված չէ։ Եթե այդ ամենին հավելենք, որ ռուսական կողմը նաև խաղաղապահներին պահելու մտադրություն ունի, ապա պատկերն ավելի խճճված է դառնում...
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում