ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետարանում բաժանում են պաշտոնները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաղը Երևանի քաղաքապետարանում կայանալու է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը, թեև նախապես հաղորդվել էր, որ երդմնակալությունը կայանալու է նոյեմբերի 21-ին՝ Երևանի ավագանու հաջորդ նիստի օրը, սակայն վերջին պահին իշխանությունը որոշել է երդմնակալության արարողությունը կազմակերպել հոկտեմբերի 13-ին, ընդ որում լրագրողներին հատուկ զգուշացրել են, որ չեն կարող մուտք գործել քաղաքապետարան երդմնակալության արարողության ժամանակ, որը հեռարձակվելու է միայն ֆեյսբուքյան և յութուբյան էջերով։

Գործող իշխանությունները մտավախություն ունեն, որ ընդդիմադիրները կարող են ներկայանալ երդմնակալության արարողությանը և փչացնել իրենց տրամադրությունը, ուստի և ցանկանում են էքսցեսներից խուսափելու համար արարողությունը հեռարձակել միայն առցանց, որ եթե ինչ-որ միջադեպ տեղի ունենա, արագ անջատեն՝ թույլ չտալով ընդդիմության հնարավոր ակցիաների լուսաբանումը։

Քաղաքապետարանում այժմ տենդագին որոշումներ ընդունելու մեջ են, բաժանում են պաշտոնները։ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիա կազմելու հանգամանքը լրջորեն խաթարել է «Քաղաքացիական պայմանագրի» պլանները։ Վերջին տվյալներով՝ մտադիր են «Հանրապետությանը» հանձնել 3 վարչական շրջանների և մեկ փոխքաղաքապետի պաշտոն, ընդ որում «Քաղպայմանագիրը» ամեն գնով հրաժարվել է առաջին փոխքաղաքապետի պաշտոնը փոխանցել «Հանրապետություն» կուսակցությանը, թեև նախապես հայտարարել էին, որ քաղաքի համատեղ կառավարում են իրականացնելու։

Առաջին փոխքաղաքապետ նշանակվելու է ՔՊ երկրորդ համար Արմեն Փամբուխչյանը։ Քաղաքապետարանում նա լինելու է Նիկոլ Փաշինյանի աչքերն ու ականջները և փորձելու է վերահսկել Տիգրան Ավինյանին։ Փամբուխչյանն, ի դեպ, այլ ավելի բարձր պաշտոնի էր ձգտում, սակայն նրան հասկացրել են, որ որևէ այլ պաշտոնի հավակնություններ չպետք է ունենա, գոհ լինի փոխքաղաքապետի պաշտոնով։

Փոխքաղաքապետերից մեկի պաշտոնին էլ նշանակվելու է Լևոն Հովհաննիսյանը, որն, ըստ Նիկոլ Փաշինյանի, իրեն բավական լավ է դրսևորել քաղաքապետի պաշտոնակատարի դերում։ Արդեն իսկ հեռացրել են երեք թաղապետերի՝ Էրեբունու, Աջափնյակի և Արաբկիրի թաղապետերին, սակայն այս երեք վարչական շրջանները «Հանրապետությանը» չեն տալու։ Տիգրան Ավինյանը ցանկանում է վերանշանակել Արաբկիրի թաղապետին, որն իր մտերիմ ընկերն է, իսկ «Հանրապետություն» կուսակցությանն ամենայն հավանականության բաժին կհասնեն Աջափնյակը, Դավթաշենը և էրեբունին։

Երեք տեղերում էլ «Հանրապետությունն» այժմ թեկնածուներ ունի, սակայն նրանց անունները չի հաղորդվում, ինչպես նաև չի հաղորդվում, թե ով է ստանալու Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը։

Ինա Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular