ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդեպը հերքում է ներխուժման լուրը, բայց որևէ երաշխիք չի տալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամերիկյան առաջատար Politico հոդվածի հրապարակումը բավականին լուրջ խմորումներ է առաջացրել, ընդհուպ մինչև ԱՄՆ պետքարտուղարությունից ստիպված են եղել հերքել տեղեկությունը։ Պարբերականը գրել էր, թե պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրեր առաջ օրենսդիրների փոքր խմբին տեղեկացրել էր, որ Վաշինգտոնն առաջիկա շաբաթներին չի բացառում Ադրբեջանի հնարավոր ներխուժումը Հայաստան։ Ըստ Politico-ի այդ զրույցը վկայում է, որ Միացյալ Նահանգները հակամարտության ընդլայնման վերաբերյալ լուրջ մտահոգություններ ունի։ Հեղինակավոր պարբերականը հիշեցրել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի հարավում միջանցք բացելու մասին հայտարարություններն ու սպառնալիքները, որ եթե Երևանն ինքնակամ չանի դա, Բաքուն դրան ուժով կհասնի։

Ադրբեջանական հնարավոր ներխուժման մասին ահազանգել էր նաև Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը՝ բելգիական մի պարբերականի տված հարցազրույցում։ «Մենք այժմ Հայաստանի վրա հարձակման անմիջական սպառնալիքի տակ ենք, որովհետև, եթե Հավաքական Արևմուտքը կոնկրետ քայլերով չարձագանքի Ալիևին, ապա նա պատճառ չունի սահմանափակվել Լեռնային Ղարաբաղով»,- հայտարարել էր Բալայանը։

Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտնել է, թե Politico-ում տեղ գտած տեղեկությունը սխալ է և չի արտացոլում այն, ինչ քարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին։ «Միացյալ Նահանգները խստորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լրջագույն հետևանքների, Politico-ի հոդվածի տեղեկությունը սխալ է և որևէ կերպ չի արտացոլում իրականությունը»,- ասել է պետդեպի խոսնակը՝ «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ։

Այդուհանդերձ, նույնիսկ Արևմուտքը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է ռազմական էսկալացիայի գնալ՝ օգտվելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, հատկապես, որ Իսրայելը և Թուրքիան նրան մղում են անպայման նոր ճակատ բացել Իրանի դեմ։ Արդյոք Իրանն իր շահերն առաջ տանելու համար կգնա Ադրբեջանի հետ ռազմական ընթարման, դեռ վաղ է ասել, սակայն խնդիրն այն է, որ ցանկացած իրավիճակում աղետից տուժող առաջին կողմը լինելու է Հայաստանը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն անում նոր աղետներից խուսափելու համար։

Աննա Նասիբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular