ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շեղում է միջազգային հանրության ուշադրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնվում է Ստեփանակերտում և Արցախի այլ օկուպացված բնակավայրերում և ադրբեջանական դրոշ տեղադրում, Ադրբեջանի մի շարք պաշտոնյաներ փորձում են Արևմուտքի հետ հարաբերություններում մեղմ տոնայնությամբ հանդես գալ՝ այդ կերպ իրենցից վանելով արևմտյան հնարավոր ճնշումները։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը խոսել է տարածաշրջանում առկա իրավիճակի և խաղաղության գործընթացի հեռանկարների մասին։ Բայրամովն ասել է, թե՝ «Ադրբեջանի տարածքային ինքնիշխանության վերականգնումից հետո Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություններ կան և Բաքուն հուսով է, որ այդ հնարավորությունները դրական կգնահատվեն Հայաստանի կողմից»։

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն էլ BBC–ի հետ հարցազրույցում ասել է, թե Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հարցին, թե՝ հնարավո՞ր են Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա Սյունիքի ուղղությամբ, Ամիրբեկովն ասել է, թե իրենք ընդունում են, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, սակայն կարևոր է հասկանալ, թե հայկական կողմն ինչպես է ապահովելու տրանսպորտային միջանցքով երթևեկության անվտանգությունը։ «Յուրաքանչյուր ուղևորի համար, որը կնստի գնացք Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ, անհրաժեշտ են անվտանգության հուսալի երաշխիքներ»,- ասել է Ամիրբեկովը։ Ավելին, նա նշել է, որ Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի հետաձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի ստեղծել Իրանի տարածքով։

Ադրբեջանցի պաշտոնյաների այս հայտարարությունները՝ զուգորդված Ալիևի հոխորտալից արտահայտություններով, վկայում են, որ Բաքուն փորձում է այս կերպ շեղել միջազգային հանրության ուշադրությունը և պատրաստվել լայնածավալ պատերազմի, առավել ևս՝ Արցախի ամբողջական տեղահանության դեպքում Արևմուտքի չափազանց մեղմ գնահատականների պարագայում, Իլհամ Ալիևի ախորժակը զգալի բարձրացել է։ Նույնիսկ Կառնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Թովմաս դե Վալն է արձանագրում այս փաստը, ուստի և Հայաստանը պարտավոր է արևմտյան երկրներին մանրամասն հասկացնել, որ Ադրբեջանի դիրքորոշումների երբեմն-երբեմն մեղմացումը ոչ այլ ինչ է, քան ընդամենը ուշադրություն շեղելու միջոց։ 

Աննա Ավետիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular